համար քեզմե բաժնվելու վտանգին կենթարկվիմ։ Եթե Մելքոն զիս չմատնե, ուրիշ գործակից մի ճանաչելու կը պարտավորի, Ալֆո՛նս։
— Դու փույթ մ՚ըներ. հառաջ քան Դարեհյան ինձ վնաս հասցնե, ես խույս կուտամ հոսկե։
— Ես զիս կը թողո՞ւս։ Դու կը կարծես թե քեզմե հեռու ապրելու հանձն կառնո՞ւմ երբեք։
— Զքե՜զ թողուլ, Ժանե՛թ, երբե՜ք. չգիտե՞ս արդյոք թե դու իմ հոգիս ես։ Ես քիչ միջոցի համար Փարիզ կը վերադառնամ, դու կօգնես ինձ հոսկե Դարեհյանի ոսկվով մինչև որ քիչ մի ժամանակ անցնելով խնդիրը բոլորովին խափանի։ Հայնժամ կը դառնամ վերստին առ քեզ և կը տեսնենք թե ի՛նչ թակարդ կը լարենք Դարեհյանի՝ համարելով թե այս անգամվանը չհաջողի։
— Բաժանման պարագան անտանելի կը թվի ինձ։
— Հուսանք թե այդ միջոցին դիմելու պետք չենք ունենար։ Բայց ըսե, Ժանե՛թ, դու մանրամասն տեղեկություն չունի՞ս Դարեհյանի գործելիքին վրայոք։
— Ոչ, նոր բան չեմ գիտեր, մանավանդ որ քանի օրե ի վեր չերևցավ նա, և այդ պարագան զիս անհանգիստ կընե։
Նույն միջոցին փողոցի դուռը կը գոցվեր.
— Ո՛հ,— ըսավ Ժանեթ,– չըլլա որ Դարեհյան ըլլա, դռան գոցվիլը լսեցի։
Ունկնդիր եղավ կինը բայց բնավ ձայն չլսելով սիրտն հանգստացավ։
Նույն միջոցին Պ. Դարեհյան Ժանեթի ընդունելության խուցին մեջ վայրիկ մի պատսպարվեցավ ուր սակավաթիվ անգամ գաղղիացի կինը ներս կը մտներ, զի կը նախադասեր զյուր գեղեցիկ սրսկապանը։
Ամեն ձայն դադրելով տանը ստորին կողմեն, և ապահովվելով թե ոչ ոք վեր կելներ, Պ. Դարեհյան յուր առաջին տեղը վերադարձավ ու վերստին ամենայն ուշադրությամբ ականջ դրավ երկու հիշյալ անձանց մեջ եղած խոսակցության։
— Երևակայե՛ եթե Դարեհյան վեր ելնելով հանկարծական կերպիվ զմեզ այսպես քովե քով նստած տեսներ,- ըսավ կինը։