— Կը տեսնես ուրեմն,— ըսավ Պ. Դարեհյան,– թե ամեն բանի տեղյակ եմ, հետևապես ճշմարտությունը ուրանալը ոչինչ կը ծառայե քեզ. խոսե ուրեմն։
– Տե՛ր իմ,— թոթովեց Մելքոն, ու լռեց վրդոված։
– Կամ ամեն ինչ խոստովանե մանրամասն պարագայուքը, և կամ զքեզ իբր ոճրագործ արդարության կը մատնեմ ու հոն կը խոստովանիս ինչ որ հոս կը ծածկես։
Մելքոն արդարության անունը լսելով սարսափեցավ՝ որով փութաց հանցանքն մեղմացնել ըսելով.
— Տե՛ր իմ, անկարող եմ հանցանքս այլևս ծածկելու։ Ես հպատակեցա Ժանեթին ոչ թե խոստացած վարձատրությանն համար, որքան անոր սպառնալյաց երկյուղեն՝ զիս ձեր առջև արատավորելու։
Ապիրատը կը հուսար այս սուտովն արդարանալ։
– Լավ պատճառ մ՚է այդ քեզ նման անզգամի յուր անձն անբասիր ընելու։ Կը կրկնեմ քեզ, կամ ամեն ինչ հայտնե ըստ ճշմարտության կամ պատրաստվե պատուհասվելու,– ըսավ Դարեհյան սպառնալից ձևով։
— Խոսե՛ անկեղծորեն և աներկյուղ,— հարեց Սիրանույշ,– ես խոսք կու տամ քեզ ներումդ ստանալ։
Մելքոն՝ ներման բառը լսելով հոգի առավ, զի հայտնի կերևեր թե յուր տիրուհին անկեղծորեն կր խոստանար։ Ուստի պատմեց Ժանեթի կողմանե իրեն խոստացված վարձատրությունն յուր մատնությանն համար, և Ալֆոնսի գործակցությունը. ամեն պարագաներն մի ըստ միոջե հայտնելով, զԵրվանդ արդարացուց կատարելապես քանի որ բոլոր յուր ակնկալություններն Սիրանույշի վրա էին։ Եվ ապա Պ. Դարեհյանի առջև ծունր դնելով.
— Տե՛ր իմ,— ըսավ,— տիկինը մաքուր է իբր հրեշտակ մի, Մարիամն անպարտ է, ես եմ միայն մեղավորը և կը զղջամ։
— Կորի՛ր առջևես,— գոչեց Պ. Դարեհյան։
Բայց անամոթ մարդը առանց քաջությունը կորսնցնելու յուր տիրուհվույն դառնալով,
— Տիկին,– ըսավ,– հիրավի դուք բարության հրեշտակ