Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մ՚եք, և ըստ այնմ ձեր ներողամտության կը դիմեմ թեև ամեն պատժո արժանի ըլլալս կը ճանաչեմ։

— Անզգա՛մ դու,— գոչեց Պ․ Դարեհյան,— գթությո՞ւն կը հուսաս տակավին։

Մարիամ՝ որ անհուն տառապանոք ունկնդիր եղած էր այդ խոսակցությանց, և ականատես յուր անարժան սիրահարին տագնապեցուցիչ վիճակին, լուռ բերնով բայց մեծաբարբառ աչոք կը հայցեր տիկնոջը։

— Դարեհյան,— ըսավ Սիրանույշ,— խոստացա յուր ներումն սա մարդուն և պետք է որ խոստումս կատարեմ։ Եթե այս ներմամբ կը հաջողինք զինքը բարի մարդու վերածելու, ահա՛ մեր գեղեցկագույն վրիժառությունը։

Այնպիսի երախտագիտական նայվածք մ՚արձակեց Մարիամ յուր տիրուհվույն որ հազար բառերու պերճախոսությունը կարժեր։

– Սակայն,- հարեց Սիրանույշ,— զՄելքոն անմիջապես Պոլսեն պիտի հեռացնեմ հայրենիքը ղրկելու համար։

Մելքոն՝ իբր թե շնորհապարտ, Սիրանույշի ոտքն անկավ, մինչ Մարիամ կարծես մահվան պատկերը կը ներկայացներ։

Նայն միջոցին Պ. Դարեհյան հրաման կըներ որ Մելքոն ու Մարիամ հեռանան իրենց ներկայութենեն, և ինքն առանձին մնալով,

— Սիրանու՛յշ,— ըսավ,– գիտեմ որ քեզ նկատմամբ մեծ անիրավություններ գործեցի, բայց ոչ թե արդարությանդ՝ այլ մեծանձնությանդ կը դիմեմ։

Սիրանույշ՝ իբր ճշմարիտ մեծ հոգի որ ավելորդ կշտամբանքը կարհամարհե, պատասխանեց միայն սա խոսքերով.

— Միակ մխիթարությունն որ մնաց ինձ աշխարհիս վրա, անհիշաչար ըլլալն է։

Եվ զայս ըսելով սենեկեն դուրս ելավ վեհանձն կինը հեգ Մարիամին այցելու համար, որ գրեթե կիսամեռ տարածված էր իրեն հատկացյալ խուցին մեջ Մելքոնին մոտալուտ բաժանման լուրն առնելով։

Պ. Դարեհյան փութաց հեռանալ կնոջը տաղավարեն նեղանալի դիրքե մ՚ազատելու բաղձանոք, ու վերադարձավ յուր ծովեզերյա տունը։