Ուրիշ հաճույք մ՚ալ ուներ Վիրճինիոն՝ այն էր յուր թղթակցությունն Երվանդին հետ, բայց այդ հաճույքն ալ տխրախառն էր զի կիմանար յուր բարեկամին նոր վշտերը, պատրանքը, զրկումները, վերջապես զյուր Սիրանույշ տեսնելու ապարդյուն ակնկալությունները։
Կը հաստատեր թե Երվանդ առողջ էր մարմնով, ուստի միտքը դրավ զայն վերստին Հռովմ բերել տալ, ու զինքն փրկել ուժգին մղելով գեղարվեստին ասպարեզին մեջ։ Հետևապես Վիրճինիո այնպիսի հրատապ տողերով կը խոսեր նկարչության ու անոր նոր հրաշալյաց վրա, այնպիսի խանդիվ կը նկարագրեր գեղարվեստի մեջ գտած մխիթարությունն և հաճույքն յուր մենակեցիկ կենաց մեջ, որ Երվանդ այդ հորդորը լսելով վայրիկ մի յուր ջլատ վիճակեն դուրս կելներ, կը զորանար, կզգար թե երակացը մեջ կյանք կար վերստին, և տրամադիր էր դառնալ ի Հռովմ, ու երթալ արվեստին ու բարեկամին բազկացը մեջ իյնալու։ Բայց այդ աշխույժը հանկարծ կը մարեր, յուր կենդանությունը կը դադրեր, զի աներևույթ պատկեր մի աչացն աոջևեն անցնելով կամքն ու ավյունը ոչնչացուցած էր․ տարաբախտ սերն արվեստը կը մեռցներ։
Երբ Սիրանույշ երեկոյան դեմ ծովեզերյա ափանց վրա կը շրջագայեր տապ օրերուն դեպ զովություն փնտրելու համար, և կամ երբ ձմեռային օդին մեղմությունը կը ներեր իրեն այդ պտույտը, ստեպ դիտած էր թե մեկ թիով նավակի մեջ անձ մի նստած ու պատսպարված էր լայն հովանոցի մի ներքև, այնպես որ համայն անձն աներևույթ կըլլար գրեթե։ Այդ նավակը կանցներ ամիսներե ի վեր ամեն անգամ որ օդը արգելք չէր ըլլար թիավարելու։ Սիրանույշ նշմարելով զայդ ծովափունքեն և կամ յուր սենեկեն, հետաքրքրություն ունեցած էր իմանալու թե ո՞վ էր արդյոք այն անձը որ օդին խստության դեմ մաքառելով շատ անգամ յուր ծովային պտույտն ընելու ինչպես և անծանոթ մնալու կը համառեր։ Գաղտնի նախազգեցությամբ իմն համակիր զզացում մ՚ուներ այդ աներևույթ