և ծանր կերպիվ. յուր միտքը փտելու վրա էր, սիրտը միայն համայն կորով էր և կենդանություն։
Զարուհին կը հորդորեր զինքն աշխատելու յուր վշտին մխիթարություն գտնելու մտոք։ Իսկ Հրանտ կառարկեր միշտ թե բանավոր էակի ներելի չէր անգործությունը։ Երվանդ իրավունք կուտար անոնց, մտադիր էր նկարչությամբն իրապես զբաղվելու և սակայն օրերն կանցնեին և յուր խորհուրդն անգործադրելի կը մնար։
Սիրանույշի շուրջ տակավ առ տակավ կղզիացավ, Երվանդ հալածված էր, Զարուհին չէր համարձակեր Դարեհյանի տանն երթալու քանի որ իմացած էր Սիրանույշ խոստովանած ամուսնույն յուր մտերմական հարաբերությունները Երվանդին հետ, որով ինքը կասկածելի կերպարանք մի կառնուր այդ նախանձոտ մարդուն առջև։ Տիկին Հայնուռի վիճակն օր ավուր վատթարանալով անկարող էր յուր տունեն դուրս ելնելու։ Եվ ոչ սակավ նեղացավ նա իմանալով խիստ պատվերն ամուսնույն Երվանդի արտաքսման վրայոք յուր տունեն՝ քանի որ կանգիտանար յուր փեսին հակակրությունն անոր դեմ։ Ծանր էր այդ զրկումն հիվանդ տիկնոջ համար, վասնզի ի սրտե կը սիրեր զԵրվանդ։
Պ. Հայնուռի միակ մտերիմ այցելուն էր ուրեմն Սիրանույշի։ Բայց անոր ի՞նչ կրնար պատմել լքյալ կինը, ի՞նչպես կրնար յուր վշտերին հաղորդել երբ ինքն անոնց հեղինակն էր, և երբ մանավանդ նա չէր կրնալ ըմբռնել թե ոք կրնա ապերջանիկ ըլլալ հարստությանց և փառաց մեջ։
Ժամանակը կանցներ, և Սիրանույշի ցավոց մեծ մասն հետն կառնուր կը տաներ մեն մի օր, հաջորդ օրն ուրիշ ահագին մաս մի հետը բերելով։ Թշվառության միակերպությունն էր այն որ կը վարժեցներ զծանրաբեռնյալ հոգին հլու հպատակության։
Օր մի անձրևը կը տեղար, հովը կը սուլեր, ցուրտն զգալի էր, ձմեռն էր բոլոր յուր սաստկությամբը։ Պ. Դարեհյան առավոտուն մեկնած էր տունեն անհանգիստ, և երեկոյան վերադարձավ