Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետս ընկրկիլ, այդ նահանջին ամոթալից հիշատակը հետը տանելով։

Կը ճանաչես արդեն Հիսարի մեծաշեն տուներն և անոնց ընդարձակ պարտեզները։ Գնեցի աժան գնով ծովեզերյա տուն մի որ հարուստ տաճկի հեշտավայրն եղած էր․ հոն բերած էին սքանչելապես գեղեցիկ չերքես պատանուհի մի զոր սիրած էր անհուն սիրով։ Գեղանվույն տարաժամ մահն անտանելի ըրած էր տիրոջը սիրույն այդ տխրագին հիշատակարանը։ Ոչ միայն չէր հանձն առած երբեք վերադառնալ հայդ վայր, այլ և ոչ իսկ ստացվածոց կարգը դասել այն նսեմ բնակարանը։ Այս տունը երկու մասե կը բաղկանա ինչպես գրեթե բոլոր տաճկաբնակ մեծ շենքերն, այսինքն կանանոցն և այրանոցը։ Կանանոցը հատկացուցի ինձ ոչ այնչափ ընդարձակ ըլլալուն պատճառավ որքան է հակառակ մասն՝ որ առաջնույն շարունակությունն է, թեև իրարմե բաժանյալ ըլլան, ըստ այս մեծ առավելության տաճկաց բնակարաններուն։ Գեղեցիկ քարափունջ մի կը տարածի տանս բոլոր երկայնությամբ ուր ամեն գիշեր կը շրջիմ մտախոհելով անցելույս և ապագայիս վրա։

Կյանքս տխուր և անձայն կը սահի։ Հուլիանեիս դաստիարակությունը՝ որով կզբաղիմ, կարևորագույն գործս է և միակ մխիթարությունս։ Հաստատապես որոշած եմ աղջկանս սորվեցնեմ կենաց գիտությունը. կուզեմ որ իրաց և մարդկանց փորձառությունն ստանա ըստ կարելույն, և պատրաստված ըլլա այն ամեն դժբախտ պատահարաց դեմ որք զիս հանկարծ պաշարեցին, ու ինքն ալ որ մի անծանոթին առջև հանկարծ և պատրաստ չի գտնվի իբրև զիս, երբ իմ առանձին կարողությանս մատնված, հուսաբեկ, կարծեցի թե անձս սոսկալի երազի մ՚էր ենթարկված և կամ բախտին խաղալիքն եղած։ Երբ վիճակս սկսավ որոշ գծերով ճշտվիլ, հայնժամ սաստկացան մտատանջությունքս, ու առավել ևս զգացի լքումս, անկարողությունս, և գործոց մասին տգիտությունս։ Այսպիսի պարագաներու մեջ անփորձ կինը խարխափելով, սխալմունքե սխալմունք անցնելով դեպի կորուստ կը դիմե, և յուր գործը կը պսակե անձին և ընտանյացն աղետքով։ Երանի՜ այն կնոջ եթե ողորմած սիրտ մի կը դյուրացնե իրեն առաջին

21