Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիրանույշ՝ անփույթ բժշկին տված պատվիրանաց և մորմեն ծածկելով տղուն հիվանդությունը, այցելության կերթար հիվանդին երեք օրե ի վեր՝ հսկելով անոր վրա ճշմարիտ մոր գորովանոք: Այդ անձնվեր ընթացքը քաջալերություն մ՚էր, կամ լավ ևս ըսեմ հրաման մ՚էր երկու խնամատար կանանց յուր օրինակին հետևելու։

ԳԼՈԻԽ ՁԲ.

Հասավ վերջապես տոնախմբության գիշերը և նույն առթիվ եկավ Պ. Դարեհյան։ Գիշեր եղավ, տան մեջ ամեն ինչ շարժում էր և պատրաստություն։ Սպասավորք իրար անցած կերթային կուգային իրենց կատարած զբաղմանց չափազանց կարևորություն տալով։ Իրարու կը խոսեին առանց զիրար հասկնալու երբեմն, կը կարգադրեին, կավլեին, վերստին կը շինեին. չորս կողմեն լույսերը կը վառվեին, հրավիրյալները կը խռնեին, ձայն, շշուկ, ուրախություն էր վերջապես ամեն որեք, իբր թե հարսանիք մ՚ըլլար, այնչափ շքեղ կերպիվ կը կատարվեր ամեն տարի Պ. Հայնուռի տոնախմբության գիշերը:

Ճաշի ժամանակն եկավ։ Բազմաթիվ անձինք շքեղ սեղանի մի շուրջը զետեղվեցան, ուր կը գահակալեին երեք տիկնայք տարբեր հանգամանոք։ Տիկին Հայնուռ յուր վեհանձն ձևովն, և մանավանդ յուր հիվանդության սրտագրավ մելամաղձոտությամբը։ Սիրանույշ՝ շլացուցիչ գեղեցկությամբն, վարուցն ազնվականությամբը, և զգեստացը ճաշակավը։ Իսկ Զարուհի՝ թարմ շնորհքներովն, և այն արժանապատվությամբն՝ որ ամեն կին կստանա, երբ ինքզինքովն բան մ՚ըլլալը կզգա։

Ամենքը ուրախ զվարթ էին, գինիի գավաթներն իրարու կը զարնվեին, շիշերը կը պարպվեին, բարեմաղթություններն իրարու կը հաջորդեին, գլուխները կը տաքնային, կարկամ լեզուները՝ սանձերնին ջախջախած, կը խոսեին. վերջապես ամեն ինչ աղմուկ էր և խինդ։

Բայց այս ընդհանուր խրախճանաց միջոցին Սիրանույշ անմեկնելի անհանգստությամբ կը տանջվեր։ Մերթ սարսուռ