և մերթ տենդ կզգար, ամեն ջանք ընելով այդ բերկրառիթ գիշերվան ուրախությունը չխափանելու։ Գրեթե ոչինչ կուտեր և ոչինչ կը խմեր։ Մայրը կը դիտեր զայդ վարանմամբ ու կը հարցներ եթե անհանգստություն մի կզգար։ Բայց երիտասարդուհին հոգնության վերագրելով յուր վիճակը կը խնդրեր որ ոչ ոք իրմով զբաղի, ու ամենքն իրենց ուրախալից ընթացքը շարունակեն։
Ճաշը վերջացած էր երբ Սիրանույշ ոչ ևս կարող ըլլալով անհանգստությանն իշխելու պարտավորեցավ յուր սենյակն ելնել։ Յուր նեղությունները հետզհետե սաստկացան, իրարանցումը շատցավ, ահ ու դող տարածվեցավ շուրջ։ Ուրախալից աղաղակաց հաջորդեցին տխուր շշուկներ. հանդիսականք նոր եկող այցելուաց հետ խառնվելով կը ցրվեին շփոթությամբ, մինչև բժիշկը կուգար հայցելություն հիվանդ տիկնոջ։ Այս վերջինը դիտեց, քննեց, բայց չուզեց վերջնական վճիռ մի տալ հիվանդության վիճակին վրայոք որ խիստ ծանր կը թվեր իրեն սակայն։
Գիշերն ի բուն անտանելի նեղությանց մեջ անցուց Սիրանույշ, կոկորդը կը ցավեր, գլուխն անհանդուրժելի բեռ մ՚էր իրեն համար, կարծես մարմինեն կրակ կելներ, ու կթվեր խեղդվիլ:
Արշալույսը կը ծագեր տակավին երբ սպասավորք կը վազեին բժիշկ բերելու։
Հիվանդին քովը կեցած էին հայրը, մայրը և ամուսինը, երեքն ալ կը վարանեին, կը ցավեին, կայլայլեին, տարբեր աստիճաններով անշուշտ։
Սիրանույշ մերթ կը ցնորեր, մերթ կզգաստանար։ Սթափած մեկ վայրկենին նշան մ՚ըրավ յուր ամուսնույն որ մոտեցավ տառապալից անկողնույն։
– Դարեհյան,— ըսավ հիվանդը դժվարըմբռնելի կերպիվ,— մեռնիլս կզգամ, պատվի՛րե որ Երվանդ հոս գա։
Մինչ այս խոսքերը կը թոթովեր ողորմելի էակն, ահա բժիշկը ներս մտավ. մոտեցավ հիվանդին, նայեցավ ինչպես առջի գիշերը, ու դեմքը բերնեն հառաջ վճռեց տառապելվույն վտանգավոր վիճակը։ Զարեհ յուր հիվանդությունն հաղորդած