Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հուսահատությամբ կը մաշեր առանց համակերպիլ ուզելու այն տխուր վիճակին որ դեպքերը պատրաստած էին իրեն։ Ոչ ամուսնույն դժնդակ դիրքը, և ոչ ալ աղջկանը տառապալի կացությունը կարող կը լինեին հաղթել յուր գոռոզության, և դրդել զինքը աշխատության մեջ ապրուստի միջոց մ՚որոնելու։

Իսկ այս երկու ամոլից դուստրն՝ Արաքսիա, կարծես չնաշխարհիկ ծաղիկ մ՚էր որ օդե և լույսե զրկված տեղվո մի մեջ կը բողբոջեր գեղանազ և կը բուրեր անուշ։

Բնության հրաշալյաց մեջ ընտրելագույնն է կույսն որ գեղով ու պարկեշտությամբ կը փայլի։ Երբ Արաքսիա կը նայեր՝ աչերեն արև կը ցոլար, իսկ երբ կը ժպտեր՝ կարծես թե շրթունքը կոկոն մ՚էր որ ի լույս կը բացվեր։ Իսկ գլուխը ծռած սև երկայն մազերն երբ կուրծքեն վար կը կախվեին, կարծես թե սգո արձան մ՚էր տխուր ուռենյոք սքողյալ, ա՛յնքան յուր ճերմակ կանոնավոր գծագրությունը այդ մութ շրջանակեն առավել պայծառ դուրս կը ցայտեր։ Երբ կույսն կը քայլեր՝ թվեր թագուհի մի որ կընթանար ի գահակալություն սրտերու, այնչափ յուր բարձր հասակը հինքն ուներ վսեմ պարզություն։

Սքանչելի ինչ է ըստ ինքյան գեղեցկությունը․ բայց կրկին հարգ կստանա այն՝ երբ կինը կանգիտանա յուր առավելությունը և կը ներկայանա զուտ պարզությանը մեջ, առանց արվեստական սեթևեթի խոսքերու, շարժմանց և նայվածոց, ինչպես որ էր մեր օրիորդը։ Բայց որպեսզի նա բնության կատարյալ հրաշալիք լիներ, օժտված էր խելքով և սրտով նաև, ինչպես և զորավոր կամքով․ իրեն համար ուզելը՝ կարենալ էր։

Էակներ կան որք դաստիարակված կը ծնանին կարծես, հետևաբար մտավորական կամ բարոյական որևէ խնամք այնպիսի զարմանալի արդյունք կարտադրեն այնպիսյաց վրա որ անհամեմատ կերպիվ կը գերազանցեն չափն իրենց մատակարարված խնամոց։

Արաքսիայի ծնողքն՝ երբ տակավին իրենց նյութական կարողությունը կը ներեր, ջանադիր եղած էին տալ իրենց դստեր այն դաստիարակությունը որ սովորական ինչ եղած է արդի ժամանակ, այսինքն ոչ թե միտքը ստուգապես ճոխացնելու նպատակավ, այլ լոկ արտաքին զարդ մի տալու համար։ Հայերեն գրել և կարդալ չափավորապես, նույնպես և գաղղիերեն՝