Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ բավական համարված է ի մեզ պանծալու համար թե օրինավոր դաստիարակություն մի շնորհված է օրիորդի մի։

Բայց ոչ այնպես մտածեց Արաքսիա, զի անոր խոհուն միտքը անհագ էր ուսման մասին։ Գիտությունը հանք մ՚էր իրեն համար որ հետզհետե անոր խավերը պեղելով ևս քան զևս կուզեր խորն իջնել. ու որչափ խորը թափանցեր՝ նույնչափ կը ճգներ հառաջ երթալ, մերձենալ գիտության անհատակ հատակին որ շարունակ խույս կուտար իրմե։

Ետ ավարտման մայրենի լեզվին հետևեցավ գաղղիերենին, օգնությամբ գիտուն դասատուի մի որ ուսման օվկիանը կը ծավալեր անոր հետաքրքիր մտաց առջև։ Օրիորդն ուսումնասիրեց մանավանդ հին և նոր փիլիսոփայությունը. բաղդատեց, քննեց, մտածեց, և վերջապես այդ ընթերցումն նպաստեց իրեն, փոխանակ բոլոր հաստատված սովորությանց, կարծյաց և նախապաշարմանց կուրորեն հետևելու, ինքնիրեն աղղու կամք մը գոյացնելու և այլոց վրա ներգործելու։ Գծեց անձին շավիղն ուր պիտի ընթանար. մտածելու և գործելու ազատությունն ուզեց ունենալ, և նույն ազատության մեջ սակայն արժանապատվությամբ վեր կանգնիլ իբր կին առաքինի, և անգոսնել ընկերային գաճաճներն որք հօրիորդս կը պարսավեն՝ մտածելու, խոսելու և սրբությամբ սիրելու ազատությունն, քանի որ մարդս ազատություն և սեր վայելելու համար ծնած է։

Արաքսիա կուզեր բնութենեն շնորհված իրավունքն պահել անձին. կուզեր օգտակար անհատ մ՚ըլլալ՝ առանց իբր լոկ ընկերային զարդ հանդիսանալու․ թեև մորը հետ հակապատկեր մի կը ձևացներ կարծյաց և զգացմանց մասին, սակայն առանց բնավ վհատելու կը մրցեր մորն ընդդեմ և անդեդևուն քայլյուք կը հարատևեր նույն շավղին մեջ որ գծած էր ինքզինքին։


ԳԼՈՒԽ Բ․

Ոչինչ այնչափ մարդս կը ճմլե որչափ ուրախության ձայները հուսահատության մեջ։ Հոգին կզգա տարբերությունն այն որ կը տիրե գոհ էակաց և յուր նսեհ վիճակին մեջ, և այդ բաղդատությունն առավել ևս ցավոց բեռը կը ծանրացնե։