Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը լինի։ Անոնք որ անկարող են իրենց ընտանյաց հաջող ապագա մի պատրաստելու գոնե չամուսնանան և շատ մը անմեղներ դժբախտության թող չդատապարտե։

— Սակայն, մա՛յր, փառք հորս՝ բազմաթիվ տարիներ երջանիկ ապրեցանք։ Եթե ինքն անկարող է արդ մեր ապրուստը հոգալու, իմ պարտքս է աշխատիլ և ըստ կարողությանս, հանգիստ կացություն մը ապահովել ձեզ։

— Դարձյա՞լ աշխատության խնդիրն հառաջ կը բերես, Արաքսիա՛։

— Մի՛ նեղանար, մա՛յր, բայց այս պիտի լինի հանապազօրյա խոսակցության նյութս մինչև որ թույլ տաս ինձ մեր առօրյա ապրուստը հոգալու։

— Ցավոք կը նկատեմ մինչև այդ աստիճանի նվաստանալու հոժարությունդ, Արաքսիա։

— Արք՝ որք երկրային իշխաններ են, կը նվաստանա՞ն արդյոք գործելով, մա՛յր։

— Բայց այդ տարբեր խնդիր է․ զի արք ծնած են իշխելու համար։

— Ուրեմն աշխատությունը ուժ մ՚է քանի որ անով զորավոր եղած է հակառակ սեռը։

— Բայց անոնք մեծ պաշտոններու կիրառությամբն է որ մեծ հանդիսացած են, աղջի՛կս։

— Եթե արանց ամենքն ալ բարձր դիրքերու ձգտեին, որո՞նց արդյոք սահմանյալ պիտի լինեին անշուք պաշտոնները, մայր։ Մարդկությունը սանդուղ մ՚է որ ամենեն ստորին աստիճանեն կսկսի մինչև ցբարձրագույն հասնելու համար․ առաջին աստիճանը արհամարհելի չէ քանի որ մյուսներուն ներդաշնակության կը ծառայե։

— Դո՜ւստր իմ, դո՞ւ կուզես լինիլ ուրեմն այդ առաջին աստիճանը ուսկից մարդիկ արհամարհոտ քայլիվ անցնին երթան բարձրագույն կետի մ՚ելնելու համար։ Դու ուրեմն կը կամի՞ս անգոսնելի լինիլ, եպերելի լինիլ, այլոց հրամաններն ընդունիչ և անոնց քմահաճոյից խաղալիք լինիլ։

— Եթե մտավորական կարողությունքս կամ գիտությանս չափավորությունը զիս համեստ աշխատության կը հրավիրեն,