– Սիրելի՜դ իմ,– պատասխանեց երիտասարդուհին,– կրնա՞ս հավատալ թե ես այդ գանձերը կընդունեի քեզմե առանց փոխարինության։ Արդեն սրտիդ գոհարներն առատապես կը վայելեմ, բայց ստույգ է որ ի մասին գորովո կատարելապես վարձատրված ես ինձմե:
– Արաքսիա՛, ի՞նչ է իմ ըրածս երբ դու այդչափ դյուցազնությամբ կը հանդուրժես անտանելի վիճակիդ։ Երբեք գանգատ մի չեմ լսած քու բերնեդ, և հակառակ այն մտերմության որ կը տիրե մեր մեջ, դու ծածկեցիր ինձմե մինչև ցարդ քու բոլոր տառապանքդ և զրկումներդ։ Վստահությանդ արժանի չի համարեցի՞ր զիս արդյոք։
– Վարդանո՜ւյշ, մի՛ այդպիսի ծանր մեղադրանոք հոգիս վիրավորեր։ Եթե լուռ կեցա մինչև ցարդ մեր ներքին դառն վիճակին վրայոք՝ պատճառն այն է որ ընտանեկան գաղտնիքն ինձ չվերաբերիր․ հետևապես իրավունք չունիմ երևան հանելու ինչ որ իմս չէ։
– Բայց,— հարեց տիկին Երանյան,— գաղտնիքդ հաղորդելով մեզ մատնություն մ՚ըրած չէիր լիներ, քանի որ լավ կը ճանաչես մեր բարեկամական տրամադրությունքն ձեզ նկատմամբ։
– Տիկի՛ն, ոչ երբեք կասկած մ՚ունեցած ենք այդ մասին, և ձեր արդի ընթացքը շատ իսկ հայտարարեց ձեր խոսքերուն ճշմարտությունը։ Եթե մայրս յուր վիճակր ծածկելու ջանադիր եղած է, գուցե յուր բարեկամաց տագնապ չպատճառելու համար լիներ,— ըսավ, եղանակավ մի՝ որ յուր համոզման հակառակ խոսիլը կը մատներ։ Բայց ներելի էր այդ ընթացքը, զի խեղճ աղջիկն յուր մորը վարմունքն արդարացնելու կաշխատեր։
Տիկին Երանյան այդ փշոտ նյութին վրա ընդ փույթ սահելով քաջալերեց զօրիորդն ապագա բարելավության հույսը փայլեցնելով աչացը։
– Տիկի՛ն,— պատասխանեց Արաքսիա,— լավ կըմբռնեմ թե մայրենի սրտի մ՚ամեն փափկությամբ կաշխատիք զիս հուսադրելու։ Բայց ես բնավ վհատյալ չեմ քանի որ առջևս կը պարզի աշխատության ասպարեզը։ Ուստի հարկ է, որ գործունեությամբս փրկեմ ծնողքս անպատճառ։