— Հիանալի աղջիկ,— մրմնջեց տիկինը հուզվելով, և վայրիկ մի լռելե վերջը հարցուց գորովանոք․
— Բայց ի՞նչ կը խորհիս ընել. խոսե՛ անկեղծապես, որպեսզի գոնե ջանամ քեզ օգտակար լինելու։
— Դժբախտաբար, տիկի՛ն, որոշում մի տալու համար հարկ չկա միտքս հոգնեցնել, զի ասպարեզն աշխատության խիստ սահմանափակ է կանանց մասին։
— Իրավացի է ըսածդ,— պատասխանեց տիկինը։
— Տոմարակալության մեջ բավական հաջողակ եմ, — հարեց օրիորդը.— և եթե ընկերային պայմանները ներեին հաշվակալության կը հետևեի, քանի որ մասնավոր ձգտումն ունեցած եմ այդ ճյուղին համար։ Բայց իմ սեռս կը խափանե ամեն երազ այնպիսի ասպարեզի մեջ մտնելու ուր հառաջադիմությունը չէ արդարացի վարձատրություն խղճմտավոր և կանոնավոր աշխատության, այլ պարզապես խնդիր մ՚է սեռի:
— Ո՜վ չգիտեր քու հաջողակությունդ ոչ միայն հաշվակալության այլ և գիտությանց մեջ,— հարեց Վարդանույշ։ Կը հիշեմ որ դասատուդ որ իմս էր նաև, իբր նախանձելի օրինակ իմն ցույց կուտար զքեզ, ու կը հաստատեր թե լավ ապագա մի կարող էիր ունենալ եթե հակառակ սեռին վերաբերեիր։ Մինչ ես… ավելորդ է խոսիլ այդ մասին,— ըսավ խնդալով:
— Դո՛ւ, սիրելիս,— պատասխանեց Արաքսիա, — դրական էակ չես․ դու բանաստեղծ ես, համայն սեր ես, անձնվիրություն և վսեմ երազ։ Հոն թիվերը ու հաշիվը գործ չունին։
— Այսինքն բանաստեղծ եմ զգացմամբ ու խանդիվ բայց ոչ տաղանդիվ։
— Բանաստեղծ հոգի ունենալը գեղեցկին և ճշմարտին հարազատ զավակը լինելը կը հաստատե. այսինքն կը հայտնե ունենալն այնպիսի նուրբ և ազնիվ թելեր որք շատ առավել ընդունակ են թրթռալու լավին ու վսեմին ցնցմամբ՝ քան թե հասարակ հոգիները։
— Ուրեմն եթե կուզես որ այնպես լինի, ընդունե և դու այն առավելությունն որ ունիս իմ վրաս բանաստեղծ հոգվո մի դրական միտք մը միացնելու։ Դու գեղեցկին իրականությանը մեջ կամփոփիս առանց անոր երևակայական ձևեր տալու