Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծաղկանց փունջ մի կազմելու դիտավորությամբ։ Աղավնին ծռած էր դալարյաց վրա, բայց հոգին այլուր էր, աչերն խոնավ էին, դեմքին վրա տխրության հետք մի կար։ Արաքսիայի ցավոց մանկական հոգի մի երկարաձիգ արձագանք կուտար։

Իսկ Արմինե ցնցվեցավ, զգացվեցավ, լացավ իրոք, բայց մեկ վայրկենի մեջ տխրության ամեն հետք ջնջված էր։ Ինքը գարնան ծաղիկն էր որ աշնանային ծաղիկը կը քաղեր։ Եռանդյամբ կը խոսեր յուր քրոջ, ցույց կուտար թիթեռնիկը՝ որ իրեն նման ընդոստ պարով կերթար կուգար մեկ ծաղկեն մյուսը, յուր հեղհեղուկ հոժարությունները մեկ բույսեն մյուսին տանելով։ Ցույց կուտար վազուկ ջուրերն ուր թռչունը՝ հանգույն իրեն, կերթար զանոնք գրգռելու յուր թևերովը։ Ցույց կուտար ծառերը, երկինքը, մարդիկը, կենդանիները. վերջապես լեզուն, աչերը, մարմինը, ամեն ինչ կը շարժեր։

Աղավնի կը լսեր քրոջը ձայնը, կը նայեր ծաղկանց բայց սև էր յուր հոգին, միտքն այլուր էր։ Կը հիշեր անընդհատ արտասուքը յուր պաշտելի վարժուհվույն, և եթե կարող լիներ պիտի զայրանար մորն ընդդեմ նույնիսկ որ պատճառած էր զայդ վիշտ։

Տղայք մտաց զարմանալի նրբություն ունին. կըմբռնեն ակնթարթով, կը հասկնան ինչ որ իրենց չէ բացատրված։ Թեև Աղավնին կիմանար թե յուր մայրն վիրավորած էր զօրիորդն, բայց համայն սեր և քաղցրություն լինելով անկարող էր սրտմտելու։

Երբ Ներսես առանձին մնաց երիտասարդուհվույն հետ կարծես լեզուն պապանձեցավ։ Եկած էր հոն, տղայքը հեռացուցած էր խոսելու նպատակով, և ահա բառ մ՚անգամ արտասանելու անկարող էր։

Արաքսիա՝ ոչ նվազ շվարյալ քան զերիտասարդն, ինքն ևս լուռ կը կենար։ Բայց այդ նեղացուցիչ վիճակին վերջ տալու՝ և մանավանդ երախտապարտ սրտի մի պարտքը լրացնելու համար ըսավ․

— Պարո՛ն, թույլ տվեք ինձ հաղորդել ձեզ բոլոր իմ շնորհակալիքս ձեր դյուցազնական պաշտպանության համար ինձ նկատմամբ, երբ դժբախտաբար տիրուհվույս հարվածոց ենթարկվեցա։