Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈԻԽ ԻԱ.

Արաքսիա փութաց հաղորդել ծնողացն լուր յուր ապագա հույսերուն։ Երբ պ. ու տիկին Վարսամյան իմացան խնամության մի ապահովությունը փայլուն ընտանյաց մի հետ` ինչպես էր Աբգարյան ընտանիքը, կարծես պիտի հիմարեին իրենց չափազանց գոհունակութենեն։

Անկար հայրը քիչ մնաց որ ուրախությանը զոհ երթար։ Նա կը մտածեր թե դուստրն այն որ յուր անկարողության պատճառավ աքսորված էր հայրենի հարկեն, պիտի վերադառնար առ ինքն լի մեծությամբ և պատվով։

Իսկ Տիկին Վարսամյանի դառնությունն ընդդեմ ամուսնույն ոչ միայն ամոքեցավ, այլ խեղճ մարդը տեսակ մ՚արգահատության իսկ առարկա եղավ։

— Կը տեսնե՞ս, մա՛յր,— կըսեր Արաքսիա,— թե աշխատությունը փոխանակ զիս նվաստացնելու պիտի բարձրացնե ընդհակառակն:

— Աղջի՛կս,- կը պատասխանե աշխատության թշնամի կինը,— աստված վարձատրեց քու անձնվեր հոգիդ։

— Ի՞նչ գործեցի արդյոք այդպիսի մեծ վարձատրության արժանի լինելու համար։

— Ի՞նչ կըսես, Արաքսիա՜ս։

— Անշուշտ, մա՛յր։

— Բայց տեսնենք թե քու բարեկամներդ պիտի ուրախանա՞ն, երբ զքեզ իբր նվաստ դաստիարակ հանձնարարելեն վերջը, դու պիտի ներկայանաս անոնց աչաց ընկերական դիրքով մի որ իրենցը պիտի գերազանցե անհամեմատ կերպիվ:

— Մա՛յր, մա՛յր, մի՛ այդպես անիրավաբար խորհիր անոնց նկատմամբ զի անոնք մեր բարեկամներն են։

Տիկինը չէր համոզվեր՝ թեև վարժուհվո պաշտոնը մեծ բախտի դուռ բացած էր իրենց, ու կը համառեր պնդելու թե Երանյանք զիրենք խոնարհեցնելու մտադիր եղած են միշտ, թեև ոչ մեկ փաստ մ՚ուներ առ այդ։

Տիկին Վարսամյան կատեր Երանյանները զի թվեր իրեն թե անոնց հանգիստ կացությունը կանգոսներ յուր աղքատ վիճակը։ Ուստի դյուրին է երևակայել թե որպիսի՜ խրոխտմամբ