Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանավանդ հաջողելու համար։ Ես մերժմանս մեջ հաստատ մնացի, ու այդ ամուսնության ստիպմանց վերագրելով հոգվույս թախիծն ու ցավը, ոչ ևս փույթ ըրի ծածկել սրտիս հուսահատությունը։ Վիճակս օր ավուր սաստկացավ, որով ծնողքս իրենք զիրենք իմ տառապանացս պատճառն համարելով՝ դադարեցան գոնե առ այժմ այդ երիտասարդին խոսքն ընելե։

— Ո՛վ Վարդանույշդ իմ, ո՛րչափ խիղճ կընեմ ծնողացդ տեսությանց հակառակ գործելու, և այսպես չար կերպիվ փոխարինելու այն վստահությունն զոր կը հայտնեն ինձ անոնք:

— Կը զղջա՞ս արդյոք ըրած խոստմանդ վրա։ Թո՛ղ ուրեմն զիս նսեհ բախտիս. թո՛ղ որ մեռնիմ։

Զայս ըսելով հեգ աղջիկը դեմքը ծածկեց վերմակովն ու լացավ կողկողագին։

Արաքսիան անոր մոտենալով հեռացուց վերմակն, ու հուսահատ կուսին դեմքը փայփայելով խոստացավ անհնարինը գործել հետևյալ առավոտ առ ինքն վերադառնալու համար։

Տառապյալ էակը ժպտեցավ այնպիսի քաղցրությամբ մի որ վարժուհվույն հոգին կատարելապես ճմլեց։

Որպիսի՜ երկնային սեր անարժան մարդու մի համար, կր մտածեր վարժուհին ափսոսալով:

Երկու բարեկամուհիք զիրար ողջագուրելով, մեկնեցավ Արաքսիան։ Առաջինը սիրո հույսերով և երկյուղներով էր համակյալ։ Իսկ երկրորդը կը հեռանար մտացը մեջ որոճալով Սիսակի հետ տեսություն մ՚ունենալու եղանակին վրա։ Հակառակ յուր տեսությանց, ձգտմանց և զգացմանց պիտի գործեր, ստույգ է այդ. բայց կրնա՞ր արդյոք ձեռնտու չլինել յուր ողորմելի բարեկամուհվույն, և աջակցությունը մերժելովն անոր մահ պատճառել գուցե։ Մտածությանցը մեջ խորասույզ` Արաքսիա հասավ վերջապես Աբգարյանց տան առջև` երբ նույն միջոցին փողոցի դուռը բացվելով հոնկե դուրս ելավ Սիսակ։

ԳԼՈԻԽ ԻԸ.

Վարժուհին տեսնելով զերիտասարդն ցնծաց այդ հարմար առթին համար զոր բախտը կը հայթայթեր իրեն։

Մարդս կուրախանա երբեմն երբ կը գործե հակառակ յուր