Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ տիկին Երանյան կը մերձենար աղջկանը, սա կրկին անհանգստություն կզգար, զի անհանդուրժելի էր իրեն ամեն ճիգ որ կը փորձեր զյուր վարանմունք ծածկելու մայրենի թափանցող աչերեն։

Սիրահարն յուր տագնապոց մեջ կորոնե այն անձը միայն որուն յուր բուն կացությունը կրնա հայտնել։ Մոր մի ներկայությունն իսկ անտանելի է երբ հոգվո հրատապ վիճակը քողարկելու հարկավորություն կը լինի։

Տիկին Երանյան կը մաշեր աղջկանն անդարմանելի վիճակը նկատելով. և զայդ քիչ ժամանակ առաջ ըրած ամուսնական առաջարկին վերագրելով՝ ամեն ջանք կըներ համոզելու համար զյուր դուստր թե երբեք յուր կամքը չպիտի բռնաբարեր։

Վարդանույշ թեև կը պաշտեր զյուր ծնողք, հանդերձ այսու տաժանելի էր իրեն՝ ներկայությունն մայրենի։ Հետևապես աչերը կը գոցեր իբր թե ի քուն լիներ, և այդ եղանակավ կը հաջողեը հեռացնել զվշատահար տիկինն, ու առանձնության մեջ ազատ կը մնար տառապանաց մեջ ընկղմելու լիովին: Բայց երբ գիշերն վրա եկավ, հեգ աղջկան վիճակն առավել ևս ծանրացավ։

Արեգական լույսը դառնալից և հուսահատ րոպեներու մեջ անգամ յուր բարերար ներգործությունը կընե մեր սրտին ներքին մութ խավերուն վրա իսկ, յուր շողն մինչև հոն թափանցել տալով կարծես։ Բայց երբ խավարը կը տիրե՝ սարսափահար աչքը սև գաղտնի թշնամիներ կը կարծե տեսնել շուրջն, ու սիրտը՝ մթության մեջ թավալգլոր՝ թվի ընդհարկանել աննշմարելի խոչընդոտից, և երկյուղով համակվելով՝ նոր հիմարեցուցիչ արագություն կստանան վշտերը։

Խավարն աներևույթ հրեշն է որ մեր կոկորդեն ուժգին բռնելով զմեզ խեղդամահ ընելու կսպառնա։ Ողորմելի Վարդանույշն մթության հետ դեմ առ դեմ մնալով՝ ծայրահեղ սաստկությամբ կասկածանաց ու վարանմանց մատնվեցավ գիշերն ի բուն։ Եվ երբ առավոտուն արեգակը փայլեցավ պայծառ, կարծես թե տառապանաց անդունդեն վեր բարձրանալուվ՝ աչերն ի լույս ցավոց բացավ վերստին։