Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ Լ․

Հետ ժամադրության Արաքսիա ներքին անհանգստություն մի կզգար որուն իզուր կը ջանար հաղթել։ Ստույգ է թե կը խորհեր որ սրտի պարտավորություն մ՚էր կատարածը, թե ներելի չէր անապավեն թողուլ սիրելի բարեկամուհի մի, թե նվիրական պարտք մ՚էր օգնել իրեն. և թե Ներսես իսկ հօգնություն տառապելույն պիտի մղեր զինքն անշուշտ եթե ազատ լիներ խորհուրդ հարցնել անոր։ Բայց այդ խորհրդատություններն ոչ միայն զվարժուհին չէին սփոփեր, այլ ընդհակառակն յուր անձկությունն անբացատրելի կերպիվ կը սաստկանար՝ որչափ ժամադրության վայրկյանը կը մերձենար։ Այդ թաքուն գիշերային հյուրընկալությունը խիստ անախորժ տպավորություն մի կըներ յուր վրան, թեև ապահով լիներ թե ոչ ոք տեղյակ պիտի լիներ այղ տեսության։ Ինքը վստահ էր որ Սիսակ ոչ միայն շահ չուներ մատնելու այդ գաղտնիքն, այլ նաև մանավանդ այնպիսի հարգալից համակրություն մի հայտնած էր իրեն ամեն ժամանակ որ իրավունք կուտար իրեն վստահ լինել անոր բարեկամության մասին։

Խոր լռության ու գիշերակին թանձր մթության մեջ Արաքսիա սարսուռ կզգար, երբ հանկարծ լսեց փողոցեն աոաջին խաղերը իրեն հաճելի եղանակի մի, զոր Սիսակ բազմիցս երգած էր իրեն։

Տղայքն արդեն անմեղության քնով կը ննջեին, ամեն շարժում թե տան և թե փողոցին մեջ ժամերե ի վեր դադրած էր: Իսկ վարժուհին նստարանի մի վրա տարածված, ճրագի մի լուսով, իզուր ջանք ըրած էր կարդալու՝ յուր շփոթած մտացը սակավ ինչ սփոփում տալու համար։ Գրքին առաջին էջին վրա կեցած էր երկար ժամանակե իվեր առանց հաջողելու լրացնել զայդ։ Աչերը շարունակ ժամացույցին կը դարձներ. ու թե կը փափագեր որ վերջապես հասնի ժամադրության րոպեն, և թե կուզեր խույս տալ անկե։ Բայց երբ ժամացույցր վճռողական և խորախորհուրդ ձայնիվ հնչեցուց յուր երկու վանկերը, քստմնեցավ կույսն իբր թե յուր դատապարտության հնչյունը