Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և ոչ որևէ ընկերությանց մեջ, քանի որ հեռու կապրիս աշխարհեն՝ ուր երևեցար իբրև փալփլուն աստղ և շուտով աներևութացար։

Կը շնորհավորեմ զքեզ ազգակից քույրերուդ մատակարարած խնամոցդ մասին․ ազնիվ պաշտոն, ըստ ամենայնի արժանի քու վեհ հոգվույդ․ անոնց ջանա՛ բացատրելու կենաց զսպանակներն․ և եթե իրենց մտքերը վերահասու չըլլան արդ, փույթ չէ․ հետզհետե կընտելանան այդ գաղափարներուն, և օրին մեկը կը տեսնես որ պտղաբերած են անոնք, զի տղայական մտքերը լավ կըմբռնեն միայն ինչ որ ստեպ կը կրկնվի իրենց։ Ի՜նչ օգուտ քողարկել անոնցմե կենաց տգեղ մասը, հետո զայն ներկայացնելու համար յուր սոսկալի ամբողջությամբը։ Լավագույն միջոցն այդ փափուկ էակները վարժեցնելն է տգեղը տեսնելու ինչպես և գեղեցիկն, ու սովորեցնել անոնց դիմագրավել զառաջինն ու սիրել երկրորդը։ Կենաց հանկարծահաս իրողությունները կրնան աղետալի ըլլալ, և մեկ վայրկյանը կարող է ամբողջ կենաց ուղղությունը վճռել։

Չեմ ուզեր ներգործել բնավ կրոնական զգացմանդ վրա․ պահե կրոնքդ եթե հոն մխիթարություն կը գտնաս․ կը վախնամ միայն որ գուցե մեղկության մեջ կիյնաս աներևույթ զորության վրա հենլով, և կը վարժիս անկե փրկությունդ որոնել, մինչդեռ մարդս նախասահմանված է հաղթելու դժվարությանց և վտանգից, յուր ապագան պատրաստելու և մինչև մեկ աստիճան յուր բախտին տերն ըլլալու։ Անպաշտպան մարդն առավել ևս կ՚զգա վտանգն որուն ենթարկյալ է, խոհեմությամբ կը պատրաստե անոր հաղթելու միջոցներն, և հինքն կամփոփե բոլոր գործողության ուժը փոխանակ վատնելու զայն պատիր հույսերով։ Երբ կը մատնվինք բարյացակամ զորութենե, որուն պետք ունինք, սույն մատնությամբ վհատությանց մեծագունին չեն՞ք ենթարկվիր արդյոք։ Այդ լքումը կա՛մ թշնամանք է և կա՛մ անկարողություն․ քանի՜ցս վհատությունը տիրեց վրադ երբ ականատես եղար հույսերուդ նվազման. և սակայն մտածեցի՞ր արդյոք որ նոր երազներդ նույն բախտին պիտի ենթարկվին ցորչափ դու աներևույթ էակին աջակցության պիտի սպասես միայն։

32