Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզ թե ի՞նչ բանի վրա կը հիմնես քու առանձնաշնորհություններդ, ի՞նչ պիտի պատասխանես ինձ։

— Պիտի պատասխանեմ քեզ թե կը վայելեմ պարզապես սեռիս իրավունքը։

— Եվ դու կը կարծես այդ անիրավ խոսքերով արդարությա՞ն դատը վարել արդյոք։ Հարցուր խղճիդ և ըստ այնմ խոսե։ Եթե դու սիրեիր զՎարդանույշ, նույնչափ սրբանվեր պիտի լիներ քեզ նա որչափ օրինավոր կինդ։

— Սիրո խնդիրը տարբեր եղանակավ կըմբռնեն երկու սեռերը։ Կանայք կուզեն որ արք իրենց համար զոհվին և իրենք ոչինչ գործեն փոխադարձաբար։

— Արդարև խիստ իմաստալից են խոսքերդ,— ըսավ Արաքսիա, ծաղրող եղանակավ։— Դու կը զվարճանաս, կյանքը կը վայելես, մինչդեռ քեզի համար Վարդանույշ կը տառապի, կը հյուծի սենեկին մեջ առանձին։ Եվ այդ չի բավեր, ու կսկսիս ամենայն հանդգնությամբ զանգատիլ անկե։

— Անշուշտ, քանի որ նա կը զոհե զիս ընտանեկան կամ ընկերական սնոտի պատշաճությանց։

— Գանք բուն խնդրույն,— ըսավ վարժուհին դժգոհ եղանակավ։

— Ինչպես կուզես։

— Վարդանույշ երբեք չամուսնանար առանց ծնողացն հավանության, զայդ լավ գիտցիր։

— Եթե այդպես է, բնավ կատարելիք բան չի մնար ինձ Վարդանույշի նկատմամբ. ուրեմն այս վայրկենեն օտար մ՚եմ իրեն համար։

— Սակայն չէր այդ քու խոստումդ։ Դու հառաջադրած էիր անձիդ պարկեշտ վիճակ մ՚ապահովել․ և մինչև այդ խորհրդույդ գործադրությունը, Վարդանույշ հանձնառու եղած էր սպասել համբերությամբ։

— Լավ, բայց եթե այդ վիճակը ցկյանս ապահովելու չհաջողիմ, հարկ է ինձ ուրեմն սպասել մինչև վերջը վտանգի ենթարկելով իմ ապագաս։

— Իսկ ի՞նչ ընե Վարդանույշ որ ընտիր բախտեր կը մերժե քեզ հավատարիմ մնալու համար։

— Եթե կուզե, զինքն արձակեմ ուրեմն յուր խոստմանեն։