Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի մատնյալ էր զոր ի զուր կը ջանար քողարկելու. և կը հետևցներ թե այդ անհանգստության պատճառն ոչ այլ ինչ էր եթե ոչ անձկությունը զյուր սիրահարն ընդունելու նույն գիշեր։

Երիտասարդն ընելիքն անմիջապես վճռեց, այն էր ի սպառ արտաքսել հոգիեն և կյանքեն զԱրաքսիան։ Որչափ ծանր էր հարվածն որով յուր սիրտը պիտի մեռցներ, նույնչափ ալ ուզեց որ արագ լինի ևս գործադրության միջոցը։ Բոլոր գիշերն հուսահատության բուռն տառապանոքն անցուց։ Ի վերջո սիրո հեշտագին հիշատակներուն վերջին մնաս բարյավը տալով, մոտեցավ փոքրիկ տուփի մի, հոնկե դուրս հանեց չորաբեկ վարդ մի, և զայն թուղթի մի մեջ բոլորեց որուն վրա գծած էր հետևյալ տողերը։

«Նույն օրն, Արաքսիա՛, որ այս վարդն գեղով ու թարմությամբ կը փայլեր, պահեցի զայն ի հիշատակ մեր սիրույն։ Նույն օրն և զքեզ իբր այդ վարդն թարմ, և գեղեցիկ առաքինությամբ օժտված կը կարծեի։ Իսկ այսօր գիտեմ որ իբր այս վարդն թարշամյալ ես տգեղությամբ ու սև մատնությամբ ընդդեմ խոստացյալ սիրույդ։ Այսուհետև ազատ ես, մնաս բարյավ»։

Պահարանի մեջ դրավ այդ թուղթը։ Արաքսիայի հասցեն գրեց, ու դրավ զայն գրասեղանին վրա։ Ամեն ինչ լմնցած էր հավետ ուրեմն։

Բայց ծանր էր սիրո մարտիրոսին բնակիլ հայդ վայր որ վկա եղած էր յուր երջանկության։ Ուստի միտքը դրավ հաջորդ առավոտուն իսկ մեկնիլ տունեն Անգլիա երթալու համար յուր գործողություններն պատճառ բռնելով։

Թեթև պատրաստություններ ըրավ ճամփորդելու համար, ու առավոտուն ամեն ինչ պատրաստ էր ուղևորությանն համար։

Իջավ պարտեզ ուր յուր երկու քույրերն կը խաղային ընդ հովանավորությամբ աղախնո, և օրիորդին բացակայությունը նկատելով հաստատվեցավ տիկին Աբգարյանի տված տեղեկությանց ճշտության վրայոք՝ այսինքն թե վարժուհին երկրորդ ժամադրություն մի պիտի ունենար նույն առավոտուն Սիսակի հետ։