Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կասկածներ կրնար հարուցանել։ Եթե այդ բացակայության պարագայեն դրդյալ ներշնչված էր Ներսես, զնա դատապարտելի կը նկատեր Արաքսիա։ Հանդերձ այսու սիրահարաց սովորական ներողամտությամբ՝ նախանձը շարժառիթ համարեց յուր խոսնայրին անիրավ ընթացքին, առանց վայրկյան մ՚իսկ համարձակելու փոփոխամտության վերադրելու զայդ։

Ուստի հուսաց նա որ երբ նախանձու առաջին բուռն ազդեցությունն անցներ, նույնիսկ Ներսես՝ պիտի համոզվեր կասկածանաց անհիմն լինելուն վրա, և զղջալով առ ինքն պիտի վերադառնար։ Այդ հույսը՝ իբր նավաբեկչային դյուրաբեկ տախտակն ընդ մեջ ալեկոծության, կարգիլեր զԱրաքսիան հուսահատության անդունդին մեջ կորսվելու անդարձ։ Վերջապես զղջացյալ սիրահարի մ՚ակնկալությունը սակավ ինչ ոգևորեց տառապյալ կույսն, և թույլ տվավ իրեն հոտս կանգնիլ իբր թե քունեն զարթնելով, ի մեծ գոհունակություն երկու մանկկանց որք շարժելու անգամ չէին համարձակած վախնալով որ օրիորդին անդորրը կը վրդովեր։

ԳԼՈԻԽ ԼԴ.

Տիկին Աբգարյան մակաբերելով որ եթե յուր սիրահարին հայտներ դիտավորությունը արտաքսելու զվարժուհին՝ նա ամեն միջոց պիտի գործածեր արգիլելու համար զայդ, փութաց արձակել զԱրաքսիան հառաջ քան զգալուստն Սիսակի։ Աղախնո մի միջոցավ իմաց տվավ օրիորդին որ երթա ծնողացը տունը հանգչի քանի որ անհանգիստ էր։ Բայց օրիորդն հայտնելով թե վայրկենական նվաղում մ՚ունեցած էր տխուր պարագայի մի ներգործությամբ, և թե բոլորովին առողջ համարելով զանձն յուր ավելորդ էր հանգստյան դիմելու տղայքն առանձին մնալու ենթարկելով։ Տիրուհին պնդեց ըսածին վրա, ու վարժուհին պարտավորեցավ անոր հրամանին հնազանդելու, ոչ սակայն առանց փոքրիկ կասկած մ՚զգալու տիկնոջ համառության ինչպես և անոր ներքին դիտավորությանց վրայոք։

Կրկին և կրկին անգամներ համբուրելեն վերջը երկու քույրերն