Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եվ սակայն պետք է որ խոսիմ իմացնելու համար ձեզ թե օրիորդ Արաքսիայի և ձեր մեջ ահագին անջրպետ մի կա. կակնարկեմ այն անջրպետին որ կա ընդ մեջ անմեղության ու հանցավորության։

— Կուզե՞ք ուրեմն պնդել թե այդ աղջիկն յուր սիրահարը չընդունեց գիշերվան մեջ. ի՞նչ փաստ ունիք զայդ ուրանալու համար,— ըսավ կինը խոսքերուն տարբեր դարձվածք մի տալով։

— Սիրահա՞ր մ՚ընդունած չլինելուն, այո՛, վկա մ՚ունիմ։

— Ո՞վ է այդ վկան։

— Ե՛ս, տիկին,— ըսավ Սիսակ, երբ հասկցավ թե ինքզինքը ծածկելն անհնարին էր։

— Դո՞ւք,— հարցուց տան տիկինը, շինծու զարմացմամբ։

— Ես, այո՛, ես։

– Եվ կը հանդգնի՞ք խոստովանելու զայդ։

– Արդարև չեմ ըսեր որ լավ գործ մ՚ըրի ձեր տան մեջ սպրդելովս մթության շնորհիվ, բայց պետք էր որ տեսնվեի օրիորդ Արաքսիայի հետ, և այդ միջոցը կը մնար ինձ միայն։

— Խոստովանեցե՛ք ուրեմն թե այդ աղջկան սիրահարն եք։

— Ե՞ս, սիրահա՞րը, երբեք։

— Ուրեմն ի՞նչ գործ ունեիք հոս գիշեր ժամանակ, միթե լույսի լուսով անոր հետ չէի՞ք կրնար տեսնվիլ։

— Նախ ժամանակը սուղ էր, ստիպողական հարկ մի կար, երկրորդ ինչպե՞ս կրնայի ազգականիս հետ բանակցիլ առանց ձեր կասկածանաց տեղիք տալու։

— Ուրեմն, պատճառնե՞ր ունեիք իմ կասկածներես վախնալու։

— Տիկի՛ն, հայտնած եմ ձեզ արդեն թե Արաքսիայի հայրն իբր ազգականս, ինձ բարերարություն ըրած է յուր հաջող ժամանակին թող թե երախտագիտության բնական զգացումը կը կրեմ սրտիս մեջ, այլ գիտնալու եք նաև թե զԱրաքսիան միշտ իբր քույրս նկատած ու սիրած եմ, զինքն հարգելով և արգահատելով։

— Մի՞թե պատճառ մ՚է այդ որ ձեր անվայել ընթացից հանդուրժեմ։