Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Կերդնում ձեզ պատվույս վրա, տիկի՛ն, որ Արաքսիա տեսնվեցավ հետս գործո մի համար որ բնավ վերաբերություն չունի իրեն հետ։

— Որո՞ւ ուրեմն կը վերաբերի։

— Զայդ չգիտեմ։

— Անշուշտ եթե իրեն համար չէ, ուրիշ աղջկան մի համար կը գործե։

– Գուցե։

— Օրիորդ ազգականդ գիշեր ժամանակ այնչափ եռանդյամբ միջամտելու համար, ո՞ գիտե ինչ ազնվական շահեր ունի։

— Տիկի՛ն, եթե կուզեք որ հոս կենամ, դադարեցեք պախարակելե ազգականս, զի կը կրկնեմ ձեզ պատվույս վրա, որ օրիորդ Արաքսիա պատվակիր անձ մ՚է և ամեն մեծարանաց արժանի։

— Ուրեմն հայտնեցեք ինձ թե ո՞րն է աղջիկն որուն համար այնչափ երկնային անձնվիրությամբ կը գործե ձեր պաշտելի ազգականն,— ըսավ կինը հեգնությամբ։

— Այդ անունն անկարող եմ հայտնելու,— պատասխանեց Սիսակ,— նախ պատվակիր անձի դիրքն առնելու համար և երկրորդի կասկածելով թե այդ կինն յուր ամուսնական առևտուրը կրնար ավրել, զի բնավ մտքեն չէր անցներ թե յուր գաղտնիքը անոր համար գաղտնիք մի չէր։

— Կը տեսնե՞ք ուրեմն որ անկարող եք այդ անունը ինձ հայտնելու։

– Տիկի՛ն, մի՞թե ձեր վստահության արժանի կրնամ լինիլ եթե թույլբերանության օրինակ մի տամ,— ըսավ երիտասարդն, չար ակնարկությամբ։

Տիկին Աբգարյան շրթունքները չարչարեց ակռաներովն ու ապա հարեց.

— Բայց գոնե խոստովանեցեք թե այդ անանուն աղջիկն ի՞նչ կը պահանջե ձեզմե։

— Հետս ամուսնանալ,— պատասխանեց սնապարծ երիտասարդն հպարտությամբ։

— Հետևապես կը սիրե զձեզ:

— Կը զարմանա՞ք։