մի որ ոչ այլ ինչ գիտե բայց յուր հաճույքը։ Պ. Սիսակ ամուսնության երկրորդ օրն ապահովապես յուր նորապսակ հարսը պիտի թողա նորանոր ապօրինի զվարճություններ փնտրելու համար, թող թե արդեն սիրահարություն մ՚ալ ունի անբարոյական աղջկան մի հետ։
– Տիկինս, ո՞վ է այդ չխպնած աղջիկը։
– Երբեք չես կրնար գուշակել անոր ով լինիլը։
— Մտքես բան մի չանցնիր, ո՞վ է ըսեք կաղաչեմ։
— Նույնիսկ վարժուհին որուն հանձնած էի երկու որդվոցս դաստիարակությունը։
— Օրիորդ Արաքսիա՞ն։
— Ինքն իսկ։
– Խելքս տեղեն թռավ։ Արաքսիան իմ Վարդանույշիս ընկերուհին է։
—Այդ պատճառ մ՚ավելի է վերահասու լինելու համար այդ էակին չարության աստիճանին։ Չի բավեր որ անպատվությունը տանս մեջ կը մտցնե, այլ և հրեշային մատնություն մ՚ալ կընե բարեկամուհվո մի նկատմամբ։
— Որո՞ւն մտքեն կանցներ որ այդ պարկեշտ աղջիկն այսչափ անամոթ է եղեր։
— Չգիտե՞ս արդյոք որ այդչափ համեստ երևցողներն ամենեն մեծ կեղծավորներն են։
— Իրավ այնպես է։ Բայց դուք, տիկի՛ն, ինչպե՞ս եղածը չեղածը իմացաք։
— Մանրամասնաբար պատմեմ քեզ զամեն ինչ։
— Ա՛հ, տիկի՛նս, պատմեցե՛ք, պատմեցե՛ք։
— Գիշեր մի, ուշ ժամանակ, մինչ ամենքը կը քնանային, ես արթուն էի։ Ոտքի ձայներ լսեցի հանկարծ կասկածելով թե գողեր մտած էին մեր տունը՝ քաջությամբ զինյալ տեղես ելա, և ամենայն զգուշությամբ դուռս բանալով տեսա Արաքսիան որ ճրագ մի բռնած սանդուղներեն վար կիջնար, ու քիչ մի ետքը վեր կելներ պ. Սիսակին առաջնորդ կանգնելով։
- Վա՜յ անամոթ աղջիկ։
— Տեսա մտած սենյակնին, և ես գնացի ստուգելու թե ի՞նչ կընեին։ Լսածներես ու տեսածներես զզված՝ ետ քաշվեցա բուռն սրտմտությամբ։ Թեև մտադիր եղա նախ ներկայությամբս