Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շանթահարել զանոնք, բայց ապա խորհեցա թե ինձ նման տիկնոջ մի համար անհաճ էր այդպիսի անվայել պատահարաց մեջ խառնվիլ. ու գայթակղություն չհարուցանելու համար լռեցի և սենյակս վերադարձա առանց աղմկի։

— Վայլածն ալ այդ էր, տիկին. անճոռնի՜ները։

— Բայց անհնար էր ինձ աչերս գոցել ցորչափ կզգայի որ այդ անպատիվ աղջիկը սիրահարին հետն էր։ Եթե պ. Սիսակ հանցանք կը գործեր տանս մեջ անպատվություն մտցնելով՝ միայն սա տեսակետով կարդարանար որ ինքն երիտասարդ մ՚է, և այդ մարդը բավական է որ զվարճանալու հույս մ՚ունենա որպեսզի ամեն միջոց հարմար դատե։

— Տիկի՛նս, պ․ Սիսակ թող ուրիշ տեղ փնտրեր զվարճությունները. կը վայլե՞ր որ ասանկ բան մ՚ըներ ձեր տանը մեջ։

— Եվ կը տեսնես, Իսկուհի, որ զնա պատմելու համար իմացուցի իրեն թե ոչ ևս կրնամ հյուրընկալել զինքն։

— Ըսել է որ իմացուցիք պ. Սիսակին որ եղածը գացածը գիտեք։

— Կրնայի՞ լռել արդյոք երբ խնդիրը տանս պատվույն կը վերաբերեր,— ըսավ տիկին Աբգարյան եղանակավ մի որ կարծես թե ինքն տիպար մ՚էր առաքինության։

— Բայց, տիկի՛ն, չըսիք որ ինչպե՞ս լմնցավ ադոնց տեսությունն։

— Ինչպես պատմեցի քեզ արդեն, սենյակս վերադարձա. բայց կասկածելով որ տունն հրո ճարակ կրնա լնիլ և մենք մեջը կայրինք անոնց գործելիք մեկ անխոհեմութենեն, գնացի վերստին այն սենեկին առջև ուր կը գտնվեին երկուքն, և անոնց ձայնը լսելով կանգ առի դռան առջև և լսեցի ամբողջ խոսակցությունը զզվանոք, զի վախցա որ դավադրություն մ՚ալ չի պատրաստեն ընդդեմ մեզ, քանի որ այնպիսի անձինք ամեն բանի կարող են։

— Անանկ է, տիկի՛ն, ամեն բան կընեն ասանկ անօրենները։

— Բայց ի՞նչ կըսեին իրարու, տիկի՛նս։

— Կուխտեին զիրար միշտ սիրել հավատարմությամբ. սակայն քանի որ երկուքն ևս աղքատ էին, անխղճմտաբար կը դավակցեին ընդդեմ Վարդանույշիդ։