Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբ տեսա որ Տիգրան ծովը կը նետվեր և հաղթանակավ կը վերադարձներ ինձ հովհարս. անխոս արտասուքս հայտարարեցին անոր իմ երախտագիտությունս։ Տիգրան թրջած՝ տունը գնաց, ետևեն գնաց նաև տիկին Թորգոմատունի որ հազիվ կսթափեր կրած հանկարծական հուզմունքեն։ Ես ալ մտա սենյակս ուր աղջիկս կը ննջեր արդեն անմեղ քունի շնորհքներով գեղեցկացած։ Կը ջանայի ննջել բայց իզուր, զի երջանկության բեռին ներքև ճնշված էի․ վերջապես անօգուտ մրցումե վերջը ելա, վերադարձա քարափանցս վրա և արտասուք թափեցի հորդառատ։ Հետո աչքերս դեպի երկինք բարձրացնելով ծնրադրեցի, և հոգիս քանի մի սիրավառ խոսքեր արձակեց զորս հավիտենականությունը քաղեց։ Այնպես կը թվեր ինձ թե աղոթքս ընտրելագույն ներդաշնակությունն էր տիեզերաց, և թե աստված կընդուներ զայն․ կարծես թե նույն միջոցին արարչիս հետ միացած էի, կը փափագեի ապրելե դադրիլ, կ՚աղոթեի անընդհատ, երբ հանկարծ զգացի ձեռք մ՚որ ուսիս վրա փափկաբար կը կռթներ. գլուխս վեր ըրի և, ո՜հ, տեսա Տիգրան որ քովս էր կեցած։ «Ներե ինձ, ըսավ, եթե կը վրդովեմ առանձնությունդ. քունը խույս տալով աչքերես՝ ելա, և պատուհանիս առջև նստած՝ երկինքեն և ծովեն փոքր ինչ անդորր կը խնդրեի, երբ հանկարծ տեսա սպիտակափայլ հրեշտականման երևույթ մի զոր սիրտս ճանչցավ իսկույն։ «Երկուքնիս ալ առանձին կը տագնապեինք, իսկ արդ միանալով վայելենք կյանքը, սերը, այս գեղեցիկ գիշերը, հավիտենականությունը, վայելենք զաստված, և կամ լավ ևս ըսեմ դու ես աստվածս» շարահարեց, և ձեռքս յուր ձեռքին մեջ առնելով ծունր դրավ իմ առջևս։ Ես դողահար և իբր հիմար «Ոտք ելի՛ր, ըսի աղերսագին ձայնիվ, փախի՛ր, թո՛ղ որ փախչիմ»։ «Ինչ՞, ըսավ, փախչի՜ս, փախչի՜մ, երբ կը սիրեմ զքեզ, և քանի օրե ի վեր հարմար առիթ կը փնտրեմ այս խոստովանությունն ընելու քեզ։ Վստահ եմ որ տեղյակ ես այն հրույն որ հոգիս կը լափե. սակայն անհամբեր էի զրուցելու զայդ անձամբ, և բերնեդ սպասել կյանքը կամ մահը»։ Հուզմունքը զիս լուռ կը թողուր։ «Խոսե՛, ըսավ, հուսահատ ձայնիվ, վերջացո՛ւր տանջանքս». «Լո՛ւր ինձ, պատասխանեցի շնչասպառ․

36