Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը ցավեր ու կը համակրեր։ Արմինեն տղայությունն էր յուր անհոգությամբն և աշխուժիվը․ տղան չափահաս մտաց բարձրության չի հասնիր երբեք։ Հետևապես Աղավնին կը թողար յուր քրոջ խինդն, աղմուկն և գոհունակությունն, անձին վերապահելով կարոտն ու սուգը։

Մելամաղձոտությունը գրավեց զԱղավնին և հետզհետե զորանալով, տկարությունն հաջորդեց մելամաղձային այդ վիճակին, բայց վարժուհին յուր խստությանը մեջ ամփոփվելով տղուն կացությունը բնավ չէր նշմարեր։ Իսկ տիկին Աբգարյանի գալով ուշադրություն անգամ չէր ըներ։ Եվ երբ յուր ամուսինը, ճշմարիտ հոր մի անձկությամբ, ահով կը հայտներ զավկին վտտիլը, տիկինը կը պատասխաներ թե Աղավնի ոչինչ ուներ, և թե տղայք աշնան ժամանակ ենթարկված են այլ և այլ թեթև անհանգստությանց։

Աղավնի եղբորն ոչինչ գրած էր յուր վիճակին վրայոք, մտածելով թե նա դառն կասկածանաց կրնար մատնվիր։ Եվ սակայն Ներսես միակ անձն էր որ զինքը կրնար հասկնալ ու յուր պետքը լրացնել։ Այսպես ուրեմն կը ցանվեին սերմունքն հյուծող հիվանդության մի որ աղիտաբեր պիտի լիներ շնորհալի մանկան։

ԳԼՈՒԽ ԽԸ.

Գրեթե երեք ամիսներ հաջորդած էին Սիսակեն հատկացյալ պայմանաժամին, և երիտասարդը տակավին վերադարձած չէր ի Պոլիս։ Ի՞նչ հանդիպած էր նմա։

Փոքր Ասիո կողմերը գավառացի մը դատ մ՚ուներ, ու այդ դատ գնացած էր շահիլ Սիսակ։

Գավառացի պ․ Գրիգորը զյուր փաստաբան ընդունեց մասնավոր մեծարանոք ու հյուրընկալեց զնա յուր տան մեջ, հաշվելով թե մեծարանաց սաստկությունը կրնար նպաստել դրամ հատուցանելոլ մասին նվազ առատաձեռն լինելու։

Պ. Գրիգոր հասակավոր այրի մարդ մ՚էր որ յուր երրորդ կնոջմեն միայն զավակ մ՚ունեցած էր․ բայց տղուն ծնունդը մորը մահը պատճառած էր։

Պ․ Գրիգոր իրեն հասակակից այրի քրոջը հանձնած էր որդվույն