Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիրտն ունի յուր արժանապատվությունն, և պարտյալ կը թվի երբ պատրանաց կենթարկվի։

Բայց Վարդանույշին վիճակն օր ավուր այնպես ծանրացավ որ աղետալի վերջի մի սպասել կուտար, թեև անկողնո չէր ծառայեր, սակայն գրեթե անկարող էր նստարանեն վար իջնել առանձինն, ու նիհարության սոսկալի աստիճանի հասած էր։

Արաքսիա յուր կողմանե կը շարունակեր ծածկել ծնողքեն ամուսնության հույսերուն տապալումը, խնայելով անոնց ծերության մանավանդ լավ դիանալով թե հորը մարտիրոսությունն անմիջապես պիտի սկսեր, յուր կնոջը դառնության նշավակ լինելով, այդպիսի դժբախտ պատահարի մ՚առթիվ։

Արաքսիա հարց ու փորձ ըրավ Երանյան ընտանյաց ինչպես և Սիսակի վրայոք։ Այս վերջնույն բացակայությանն երկարաձգվելու մասին զարմանք հայտնեց, ինչպես և ցավ Վարդանույշի կացությանը վրա։ Յուր վերադարձին հետևյալ առավոտուն գնաց փութով այցելելու զհիվանդ բարեկամուհին զոր կատարելապես կը սիրեր միշտ, թեև պատճառ էր յուր աղետից, իբր մայր որ ներելով իրեն տագնապ հասցնող զավկին, ներքնապես կը ցավի, այլ լիովին կը պաշտե զայն։

ԳԼՈՒԽ Ծ.

Երբ Արաքսիա մտավ Վարդանույշի սենյակն ուր նա առանձին էր նույն միջոցին, սաստիկ սարսափեցավ անոր դիմական փոփոխութենեն, և առ այն ընթանալով թևատարած փորձեց գրկացը մեջ առնուլ զայն, երբ հիվանդ աղջկան խիստ շարժումն ու խոժոռ նայվածքը կասեցուց զինքը կեցած տեղին վրա։

— Ի՞նչ է այդ դժգոհ ձևդ, Վարդանո՛ւյշ,— ըսավ Արաքսիա կատակի եղանակավ,— դուրս երթալովս մոռցվեցա՞ արդյոք։

Եվ երբ կրկին անգամ Արաքսիա մերձեցավ հիվանդին զինքն ողջագուրելու համար, դառնացած աղջիկը նույն դժգոհ կերպարանոք գլուխն ետ քաշեց առանց բնավ կարենալ բառ մ՚արտասանելու, այնչափ հուզյալ էր ի տես արարածին զոր կը կարծեր յուր երջանկության ավերիչը։