Բայց Արաքսիա նկատելով որ հիվանդն ոչ միայն կատակ չէր ըներ այլ ընդհակառակն խիստ զգացված կը թվեր, հարցուց պատճառն այդ ցուրտ ընդունելության, ըսելով.
— Վարդանո՛ւյշ, զքեզ ոչ ևս կը ճանաչեմ սառնապատ ձևերուդ ներքև։
Աղջկան կուրծքին խիստ զգալի ելևէջներն ու լռությունը շատ իսկ կը հայտարարեին յուր ներքին վիճակին անձկությունը։
– Կը թախանձեմ քեզ, սիրելի՛ս,— հարեց Արաքսիա աղերսագին,— հանդարտե և պատմե ինձ շուտ դժգոհությանդ պատճառը։
Հիվանդը դառն ժպիտով մը միայն պատասխանեց։
— Վարդանո՛ւյշ,— ըսավ Արաքսիա,— ի՞նչ ունիս, ի՞նչ եղար, ինչո՞ւ կը ծածկես ինձմե ունեցածդ. միթե ո՞չ ևս եմ քու բարեկամուհիդ։
Վարդանույշ դառնալից նայվածք մ՚ուղղելով յուր ընկերուհվույն և ձայնով մի որ սրտմտութենե կը դողար, գոչեց.
— Դո՞ւ, բարեկամուհի՞ս։
— Բայց ի՞նչ եմ եթե ոչ մտերիմդ և քույրդ։
— Դո՞ւ։
— Չեմ հասկնար, խոսե բացարձակապես։
— Խոսի՞մ։
— Այո՛, խոսե՛, կը խնդրեմ։
— Կը ներեմ քեզ, ահա խոստովանությունս։
— Կը ներե՞ս,— գոչեց Արաքսիա բարկությամբ կարմրելով,— բայց դու ի՞նչ բանի կը ներես արդյոք։
– Երջանկության բաժակիս կուլ տված լինելուդ համար։
— Վարդանո՛ւյշ, խնդրեմ, որոշապես խոսե, ոչինչ կը հասկնամ։
— Հարցուր խղճիդ և այն կը պատասխանե քեզ։
– Խղճի՞ս։
— Այո՛, խղճիղ։
— Գուցե ուրիշ մ՚իրավունք ունենա խղճիս դիմելու, բայց ոչ դու, Վարդանո՛ւյշ։
— Ոչ երբեք ուրիշի վնասեցիր որչափ ինձ։