— Կը փափագեի ես ևս շատ իսկ, բայց ի՞նչպես զինքն անհանգիստ ընեմ։
— Վստահ եղիր, Աղավնի, որ մեր եղբայրը չպիտի ներե ինձ եթե քու անզուսպ բաղձանքդ չհաղորդեմ իրեն։
— Ուրեմն կը հորդորե՞ս զիս իմ բաղձանքս հայտնելու իրեն։
— Ռչ միայն կը հորդորեմ այլ կապահովեմ քեզ որ եթե դու չգրես, ես քարտուղարություն պիտի ընեմ՝ քու անվամբդ զինքն հոս հրավիրելով։
— Եվ սակայն գիտնայիր որչափ մեծ է կարոտս։
— Հապա ի՞մս, ես ալ քու պատճառավդ կօգտիմ։
Արմինե գրիչն ու թուղթը քրոջն անկողնին վրա դնելով, մղեց զնա անհապաղ գրելու։
Հիվանդը դողդոջուն ձեռամբն գրիչն առավ, և ամենայն դժվարությամբ հաջողեցավ այս միակ տողերը գրելու.
«Սիրելիդ իմ եղբայր.
«Եկու շուտ, կուզեմ անգամ մի ևս զքեզ տեսնել, զի կզգամ թե ժամանակս սուղ է»։
Տկար արարածն ոգեսպառ եղած՝ հանձնեց զթուղթն քրոջ, որ անոր պարունակության վերահասու չլինելով՝ հանչափս ուրախացավ զյուր եղբայր ընդհուպ տեսնելու հուսով։
Արմինե պահարանի մեջ դնելով նամակն հանձնեց սպասավորին որ զայն թղթատարին հանձնե ինչպես սովոր էր գործելու. զի տիկին Աբգարյան բնավ փույթ չէր ըներ թե յուր դստերք իրենց եղբորն հետ կը թղթակցին, և մանավանդ անտարբեր էր գիտնալու անոնց գրությանց իմաստն։ Հետևապես անհոգ մայրն անգիտացավ հրավերն յուր աղջկան առ Ներսես։
Սիսակ գնաց ուրեմն տիկին Հարթմանյանի տունն և հարցնել տվավ Արաքսիայի եթե ազա՞տ էր զինքն ընդունելու։
Աղջիկը կասկածեցավ անմիջապես թե յուր ազգականը գուցե կարևոր խոսք մ՚ընելու համար իրեն եկած էր ի տեսություն, քանի որ առաջին անգամ էր որ կայցելեր իրեն․ փութաց