գերագույն անձնվիրության օրինակ մ՚եղած կը կարծեր օրը քանի մ՚անգամ այցելելով յուր զավկին, և ճարտար բժշկի մի հանապարզօրյա խնամոց հանձնելով զայն։ Մանավանդ որ ձիրքերն ևս կը չափազանցեր գերման վարժուհվույն, որուն խնամոց հանձնած էր զյուր դուստր։
Պ․ Աբգարյան կը հալեր կը մաշեր զավկին վհատեցուցիչ վիճակը նկատելով. կը մաշեր, այո, ոչինչ կը խնայեր նորա համար, բայց ի՛նչ օգուտ, զավկին վիճակն օր ավուր կը վատթարանար։
Արմինե քրոջն հիվանդության պատճառավ վայրի մի կը տխրեր, ապա յուր աշխույժ բնավորությունը կը հաղթանակեր, և փոքրիկ հիվանդը զվարթացնելու համար հազարումեկ խաղեր կըներ՝ հակառակ գերման վարժուհվույն խիստ ակնարկներուն որք կը հրավիրեին զինքն հանդարտելու։ Արմինեի մտքեն երբեք չէր անցներ թե յուր սիրեցյալ քույրը կրնար մեռնիլ։
Տղայք կը կարծեն թե մահն օտարաց համար է, և երբեք չեն կրնար ըմբռնել թե մահն իրենց մերձականերուն ևս կրնա մոտենալ։ Գեղեցի՜կ ցնորք մանկության։
Աղավնի կը նայեր քրոջն ունեցած ապահովության վրա յուր մասին և կուրախանար, առանց բնավ այս աշխարհես յուր մեկնելուն վրայոք ակնարկություն մ՚ընելու։ Այդ քնքուշ արարածն երբեք տղայություն չէր ունեցած, զի մատաղ տիոցը մեջ հարբունս հասած էր։ Նա խաղալու և զբոսնելու համար ծնած չէր, ինչպես ամեն մանուկ, այլ խորհելու, սիրելու, զգալու և տառապելու։
Օր մի երբ Աղավնի զգաց թե վիճակն հոռի էր․
— Ո՛հ,— ըսավ քրոջն,— կը փափագիմ եղբայրս տեսնել, և անոր ներկայությամբը գոնե քիչ մի ժամանակ մխիթարվիր
Արմինե չըմբռնելով անոր խոսքերուն ներքին իմաստն՝ այսինքն թե կուզեր հրաժեշտի վերջին ողջույնը տալ Ներսեսի, ըսավ․
— Քո՛ւյր, գրե՛ մեր եղբոր, և վստահ եմ որ նա կուգա։
— Գիտեմ որ կուգա, զի այնչա՜փ զմեզ կը սիրե։
— Ուրեմն գրե շուտ և կոչե զայն քու քովդ, որչափ ուրախ պիտի լինիմ զինքը տեսնելով։