Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարեկամուհվույն գործած էր․ կասկածեն մինչև ստուգություն քայլ մի կար միայն, և եթե այդ քայլն առնույր, բոլոր յուր լարած թակարդներն ապարդյուն կը մնային, և յուր հոգվով չափ ատած աղջիկն իրեն կրած անունը կստանար։

զՆերսես շփոթելու համար միակ միջոց մի կար, այն էր օրիորդ Գրիգորի սիրահարությունն Սիսակի հետ՝ երևան հանելով հաստատել տալ զայն կերպով մի պ. Գրիգորեն, քանի որ տակավին գործը վերջացած չէր և մարդը Պոլիս կը գտնվեր։ Բայց այդ մատնությունն անկարող էր ընելու ցորչափ չընդուներ Սիսակի բացարձակ մերժումն յուր առաջարկած դրամին վերաբերությամբ, ուստի առժամանակյա կերպիվ անգործության դատապարտված էր տիկին Աբգարյան և այգ վիճակը մահառիթ էր կարծես իրեն համար, երբ ամեն վայրկյան իրաց վիճակը կրնար փոփոխիլ ի վնաս իրեն։

Նույն իրիկունն գալստյան օրվան Ներսեսի ի տան հայրենի, երիտասարդը գնաց ընդունելու հյուրերն որք եկած էին իրեն բարի գալուստ մաղթելու. նույն սենեկին մեջ կային պ. և տիկին Աբգարյան։ Այլ և այլ խոսակցության նյութեր իրարու հաջորդելով, խնդիրն ինկավ Սիսակի մոտալուտ ամուսնության վրա, Վարդանույշի հարատևության վրա յուր սիրո զգացմանց մեջ, որով և պարտավորությանն անոր ծնողաց այդ ամուսնության համար վերջապես իրենց հավանությունը տալու։

Պ․ Գրիգոր ներկա էր այդ խոսակցության և բոլորովին լուռ կեցած։ Բնականապես նույնն ըրավ պ. Աբգարյան․ իսկ տիկինն անկարող եղավ որևէ աննպաստ ակնարկություն մ՚ընել նույնիսկ հեռվեն հեռու ի մասին օրիորդ Գրիգորի, որով կարենար ենթադրել տալ Ներսեսի թե ինչպես գավառացի օրիորդին՝ նույնպես և Արաքսիայի հետ սիրահարական հարաբերություններ ունենալե վերջը՝ Սիսակ օրիորդ Երանյանի հետ կամուսնանար վերջապես։

Բայց Ներսես Վարդանույշի վերաբերյալ տեղեկություններն իմանալով, և լավ ճանաչելով սերտ բարեկամությունն Արաքսիայի անոր համար, քանի որ զայդ բազմիցս հայտնած էր իրեն յուր սիրուհին, հուսադրող ուրախությամբ համակվեցավ,