Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/630

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտածելով թե ինքը գուցե թյուրիմացության զոհ եղած էր, և թե Արաքսիա կորուսյալ չէր իրեն համար։

Հուսահատ հոգի մի որ ի հույս կը վերադառնա կը կարծե ոսկեզօծ երազի ներգործության ներքև լինիլ, և իրաց ստույգ վիճակին վրա ապացույց մի ստանալեն կը վախնա իբր դառն զարթումե մի։

Ներսես կը վայելեր այդ հայտնությամբ ներքին ցնծություն մի՝ որուն սաստկութենեն իսկ կը կասկածեր թե վաղանցուկ պիտի լիներ։

Վիրավոր հոգիները կասկածոտ են, և նույնիսկ իրենց նպաստավոր հանդիսացած իրողությանց մեջ բախտին դավադրությունը կը տեսնեն։

Ներսես անհամբեր էր առանձնանալու խորհելու համար և առարկելով յուր ճամփորդության ազդած հոգնություններն հրաման խնդրեց յուր հյուրերեն սենյակը քաշվելու։

Տիկին Աբգարյան որ ամեն ինչ դիտած էր՝ նշմարեց նախ գոհունակության շողն որով Ներսեսի դեմքը վայրկյան մի փայլած էր և ապա այդ գոհունակության սև անդրադարձություն մ՚ունենալն։ Յուր հոգին կը մռնչեր, կուզեր հնարել ուրիշ չար միջոցներ միանգամ ընդ միշտ վերջնական կերպիվ հարվածը տալով Արաքսիայի բախտին, և այդ նպատակին հասնելու համար մտադիր էր հետևյալ օրն իսկ գրել Սիսակի անոր որոշումն իմանալու համար։

ԳԼՈԻԽ ԿԱ.

Ներսես հառաջ քան յուր սենյակը քաշվելու գնաց այցելելու յուր սիրելի հիվանդին։ Աղավնի արթուն էր, ըստ յուր սովորականին, զի շատ անգամ տքնություններ ուներ, և գիշերվան լռության և առանձնության մեջ միայնակ անքուն կը հսկեր. հայնժամ կը մտածեր շատ նյութերու վրա և մանավանդ ի մայրենի սիրո զուրկ լինելուն վրա, և այդ զրկումը խիստ ծանր էր յուր զգայուն հոգվույն։

Փոխարինություն մ՚ուներ յուր քրոջը գորովույն մեջ, բայց այն որոտող տղայական զգացումը բավական չէր հագեցնել հինքն այն մեծ պետքն զոր կզգար սիրելու և սիրվելու։ Կը