Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընելով կրնամ երջանկությունս ապահովել, կուգամ խնդրել ի քեն քու հաճությունդ ամուսնությանս մասին։

— Ո՞վ է ընտրելիդ, տեսնենք, վստահ եմ որ անվայել ընտրություն մ՚ըրած չես։

— Օրիորդ Արաքսիան է։

— Գոհ եմ ընտրութենեդ, որդյակ, զի ըստ ամենայնի լավ աղջիկ մ՚է այն,— ըսավ հայրը ցնծությամբ։

— Ուրեմն հաճե տալ ինձ քու օրհնությունդ։

— Որդյա՛կ, երջանիկ լեր բոլոր կենացդ մեջ, և հաստատվե նոր ընտանյոքդ հանդերձ։

— Այսինքն, հա՛յր, իմ սիրելյացս թվույն վրա ուրիշ սիրելի մ՚ալ պիտի ավելցնեմ։

— Երթանք հաղորդել այդ լուրը տիկին Աբգարյանի նաև,— ըսավ պ. Աբգարյան, տեսակ մի անհանգստությամբ, զի գիտեր արդեն որ յուր կինը բնավ նպաստավոր չէր նմա։

— Ավելորդ է, հա՛յր, զի երբ իմացա քու բացակայությունդ` փութացի նմա հաղորդել այդ լուրն։

— Որդյա՛կ, կերևա որ սրտիդ անհամբերությունը խիստ մեծ էր,— ըսավ բարի հայրը խնդալով։— բայց ի՞նչ ըսավ կինս,— հարցուց ապա նա անձկությամբ։

— Յուր գոհունակությունն հայտնեց։

Թեև պ. Աբգարյան զարմացավ գոհունակություն բառը լսելով, բայց շատ ուրախ եղավ նկատելով թե կինը բնավ յուր տհաճությունը չէր հայտնած։

Տիկին Աբգարյան ծածկած էր ամեն ինչ որ Արաքսիայի վերաբերություն ուներ. այսուհանդերձ անոր հետ և անոր վրայոք խոսելու եղանակեն հայտնի էր որ ինք մասնավոր հակակրություն մ՚ուներ անոր դեմ։

Ներսես հայնժամ հարցուց հորը թե ե՞րբ կրնար նշանածն իրեն ներկայացնել ձեռքն համբուրելու համար։

Պ. Աբգարյան խիստ ուրախ էր իրոք յուր որդվույն մոտալուտ ամուսնության վրա, հետևապես ըսավ.

— Որդյա՛կ, բեր զայն երբ կուզես, և որչափ շուտ որ ուզես։

— Հուսամ, հայր, որ պիտի ներես միանգամայն օրիորդին մոր ուղեկցիլ իրեն, իսկ հայրն անկարող է շարժելու։