Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Անտարակույս, թող գա։

— Արդ եթե կամիս, երթանք, հայր, քույրերուս այցելելու:

— Եվ միանգամայն մասնակից ընել զանոնք մեր ուրախության, զի գիտեմ թե որքան կը սիրեին զԱրաքսիան, և որչա՜փ իրենց դեմքը սգով վարագուրված էր երբ մեկնեցավ նա աստի։ Երանի՜ թե չմեկներ, գուցե Աղավնիս չէր հիվանդանար։

Այս խոսքերն ըսելով զգածյալ հայրը խոր հառաչանք մ՚արձակեց։

Մտան աղջկանց խուցը։ Աղավնի վերջին աստիճան տկար կը թվեր անկողնույն մեջ։

— Որդյակք իմ— ըսավ հայրը,— կը բերեմ ձեզ լուր մի որով խիստ գոհ պիտի լինիք, վստահ եմ։

— Ապահովապես,— գոչեց Արմինե,— մեր եղբոր խոստացած լուրն է։

Իսկ Աղավնի բերանաբաց բայց անխոս կսպասեր որ եղելությունն իմանա։

— Կավետեմ ձեզ ուրեմն թե ձեր սիրեցյալ օրիորդ Արաքսիան մեր հարսը պիտի լինի։

— Ինչպե՞ս,— ըսավ Աղավնին ապշած,— արդյոք մեր եղբո՞ր հետ պիտի ամուսնանա։

— Այո՛, զավակս։

Արմինե գոհունակության սաստկութենեն սկսավ ոստնուլ և ձեռքերն իրարու բաբախել։ Իսկ Աղավնի քիչ մնաց նվաղեր ուրախության սաստկութենեն։

— Չըսի՞ քե՛զ, Ներսե՛ս, որ հանչափս պիտի ուրախանան զավկներս։

Երիտասարդին սիրտն հուզվեցավ այդ անկեղծ սիրո արտահայտության առջև, մինչև իսկ աչքերը խոնավելու աստիճան։

Երբ Աղավնին հանդարտեցավ, հայնժամ հարցուց յուր եղբորը թե ե՞րբ ուրեմն պիտի տեսներ զյուր սիրելի օրիորդը։

— Հոս և որչափ շուտ կարելի է, քուրի՛կս։

— Աշխատե, եղբա՛յրս, որ այսօր իսկ գա, զի թվի ինձ որ եթե տեսնեմ զինքը պիտի բժշկվիմ։