Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/656

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ ԿԸ.

Կիրակի առավոտ մ՚էր․ պ. Աբգարյանի տան սպասավորաց մեջ մեծ շարժում մի կար, զի երեկոյան ճաշի և պսակի պատրաստություն կը լիներ։

Տիկին Աբգարյան յուր սենեկին մեջ փակված, դառնությանը սաստկութենեն արտասուք կը թափեր։ Ուրեմն այդ անպիտան վարժուհին Աբգարյանց անունը պիտի կրեր հակառակ բոլոր ճգանցն, և մանավանդ պսակի հանդեսը տանը մեջ պիտի կատարվեր, կը խորհեր նա։

Արգելե՜լ այդ հանդեսը. բայց ի՞նչ կրնար առարկել երբ Ներսես յուր ամուսնույն զավակն էր վերջապես, և երբ հանձին երիտասարդին ահավոր թշնամի մ՚ուներ, մանավանդ որ յուր գրած նամակն առ Սիսակ Ներսեսի ձեռաց մեջ էր։ Ուրեմն եթե բացարձակ ընդդիմություն մ՚ըներ՝ յուր ամուսնույն որդին կրնար իրեն դեմ վրեժը լուծել զինքը թշնամանելով հորն առջև վերջապես։ Մինչև նույն միջոցին լիակատար իշխանություն ունեցած էր ամուսնույն վրա։ Բայց պ․ Աբգարյան զինքն իբր կին առաքինի նկատած էր միշտ, և տիկինն լավ համոզված էր որ եթե յուր անցյալ ամեն ընթացից տեղեկանար յուր այրն, ինքն ոչ միայն յուր բոլոր ազդեցությունը կը կորսնցներ մեկ վայրկենի մեջ, այլ ծանրագույն հետևանքներ ևս հառաջ կուգային։ Ուստի հարկ էր տիկնոջ լռել, և թույլ տալ որ պսակի խորհուրդը տան մեջ իսկ տեղի ունենա։

Որչա՜փ անտանելի է վրեժխնդիր և չար հոգվո մի հաստատել զյուր զինաթափ լինելն։ Վրեժխնդրությունը զհոգին վեր ի վայր կը տապալե․ և երբ այդ բուռն տրամադրության լինելով հոգին հանկարծ արգելք կը գտնե սաստիկ կրիցը գործադրության մասին, կը խլրտի հայնժամ ինքզինքը կրծելու համար միայն, և անկարողության առջև վհատելով կը հուսահատի։

Մտածեց Ներսեսի մորուն որ հիվանդություն մ՚առարկելով ներկա չգտնվի ո՛չ հացկերույթի և ո՛չ ալ պսակի արարողության։ Բայց ապա յուր սրտմտությունն և նախանձը զԱրաքսիան ներկայեցին աչացն իբր դշխո նույն գիշերվան։ Թողուլ ուրեմն ամեն հաղթանակ յուր ոսոխին, ո՛չ, ո՛չ։