Ուզեց գոնե յուր ներկայությամբը թունավորել հարսին ուրախությունը, զի այդ վատհոգի կինը կը կարծեր թե երիտասարդուհին զինքը բոլոր զորությամբն ատելու էր։ Չէր կրնար ըմբռնել թե ազնիվ սրտերու համար հաճույք մի կա անհիշաչարության մեջ, քանի որ ամեն ոք ուրիշներն ինքզինքեն կը դատե և չկրնար հասկնալ ինչ որ ինքը չզգար։
Ուրեմն այս գաղափարեն ոգևորյալ, ելավ տեղեն տիկին Աբգարյան, և զարդարվեցավ անբացատրելի շքեղությամբ զարդուց և ադամանդից, ջանադիր լինելով նսեմացնել զյուր ոսոխ բացարձակ առավելությամբ յուր պերճանաց։
Երեկոյան դեմ հասավ Վարսամյան ընտանիքն Աբգարյանց տունը։ Հարսը շլացուցիչ գեղեցկությամբ կը փայլեր սպիտակ հարսանյաց զգեստուց և պարզությանը մեջ։ Զայդ հաստատելով տան տիկինը՝ շրթունքները կրծեց, ու չորս կողմը նայեցավ հարսին ըրած տպավորությունն իմանալու համար. կատաղելով հաստատեց թե ամենքն հիացման մեջ էին։
Հանդիսականաց թիվը խիստ սահմանավոր էր Աղավնիի հիվանդության պատճառով, զի որդեսեր հայրը կը փափաքեր որդվույն միայն հանդեսը տոնել, առանց մյուսին որևէ անհանգստություն պատճառելու։
Աղավնի երկայն նստարանի մեջ տարածված էր սպիտակ զգեստներով, և թվեր լինիլ մոտալուտ հարսնցուն մահվան յուր դալուկ և հալած այտերովն՝ որոնց վրա տխուր զվարթություն մի կը տարածեին յուր գոհ բայց նվաղուն աչերը։
Պ. Վարսամյան անդամալույծ վիճակին պատճառավ նույնպես հանգիստ բազմոցի վրա նստած էր. խեղճ մարդն աչաց խոնավիլը կզգար շարունակ՝ հաստատելով այդ շլացուցիչ բախտն որուն հասած էր յուր դուստրը։
Տիկին Աբգարյան յուր դրացի երիտասարդին դառնալով, ըսավ.
— Կարծես թե հիվանդանոցի մեջ ենք, անկողինները միայն պակաս են։
— Սակայն,— ըսավ երիտասարդը,— ձեր շքեղությունն և հարսին սքանչելի շնորհքները կը բավեն հիշեցնելու համար մեզ թե գեղեցիկ երեկույթի մը հրավիրյալ ենք։
Տան տիկինը դառնացավ նկատելով թե Արաքսիա մեծ մաս