Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/664

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խիստ անտանելի վիճակ մ՚էր մեծամիտ կնոջ մի համար ընկերական սանդուղեն վար գլորիլը։

Տիկին Աբգարյան որ վարժ էր խնկարկու և շողոքորթ անձանց բանակ մի տեսնելու շուրջն ու ամեն պատիվ և մեծարանք ընդունելու՝ ցորչափ հարուստ էր և ճոխ կյանք կը վարեր, տեսավ հանկարծ այդ բանակին անհայտ լինիլն իբր մոգական իմն զորությամբ։

Կանայք առ երեսս չէին դադրեր ներբողելն նորա վարքը, մինչ ներքնապես շատերը կը հառաչեին մինչև նույն ժամանակ տիկին Աբգարյանի վարած կենաց և անոր ստացած պատիվներուն վրա։

Արք բարձրագոչ հռչակեցին թե նա շռայլությամբը պատճառ եղած էր ամուսնույն դժբախտության, և ամեն այր օգուտ քաղեց այդ առթեն յուր կնոջ խնայողության և տնտեսագիտության դաս մի տալու համար։

Իսկ երիտասարդք որք պաշտողի դեր խաղացած էին՝ արհամարհանոք կը խոսեին անոր թեթև բարուց վրայոք և ոմանք կը պարծենային նաև անտեղի շնորհքներ վայելած լինելնուն վրա։ Քանի մի խղճմտավոր և պատվավոր անձինք միայն որք իրոք հառաջացած էին տիկնոջ մտերմության մեջ՝ լուռ կեցան. և եթե զինքը չպաշտպանեցին՝ գեթ լռելու քաջությունն ունեցան մեղադրանաց այդ ընդհանուր քաոսին մեջ։

Տիկին Աբգարյանի գոռոզությունր թեև սաստկապես հարվածեցավ, այսու հանդերձ ոչինչ հայտնեց, և այդ պարսավանաց աշխարհին մեջ մնաց միշտ սեգ և գոռոզ։

Պ. Աբգարյան յուր ունեցած ձախորդութենեն քանի մ՚ամիս վերջը հանկարծամահ կը լիներ պարտքեր թողլով։

Ներսես ներկայանալով յուր մորվին իմացուց անոր որ թե՛ իրեն և թե՛ կնոջը պարտքն էր ամենայն կերպիվ նպաստել հորն այրվույն և անոր զավկին, ուստի խնդրեց այրի տիկնոջմեն որ հայտնե իրեն թե ի՞նչ եղանակավ պետք էին վարվիլ իրենց նկատմամբ։

Պ. Աբգարյանի այրին պատասխանեց թե քանի որ իրենք հոժարամիտ էին օգնելու յուր դստեր՝ իրենց կը թողուր բոլորովին անոր հոգատարությունը, յուր ձախորդությունն հառաջ բերելով։