Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և առանց մասնակցելու անոր, վշտերս ուսիս վրա բեռնավորած՝ մահվան մութ կայանը կիջնամ տրտմահույզ»։

Օր մի յուր վիճակը սաստկացավ հանկարծ։ Հուլիանեն տուն ղրկեցի, և ես գիշերն ի բուն հսկեցի հիվանդին վրա՝ իբրև մայր յուր սիրելի որդեկին։ Կը նայեր ինձ երախտագետ աչոք և կըսեր․ «Որչա՜փ պիտի պաշտեի զքեզ թե ապրեի․ բայց երկինքեն վրադ պիտի հսկեմ։ Դու մեղմացուցիր ճակատագրիս դառնությունն այս վերջին օրերուս մեջ, և ես կօրհնեմ զքեզ ի փոխարեն, զի չունիմ այլ ինչ նվիրելու բացի օրհասական հոգվո մի օրհնություններեն»։ Ուրիշ օր մ՚ալ քովն էի դարձյալ, ներկա էր և Հերիգան․ զարմանալի բաղձանք մ՚ ունեցավ նա. ինձմե խնդրեց ոսկիե մատանիս որ Տիգրանա և իմ գլխագիրները կը կրեր։ Եթե խեղճ աղջիկը գիտնար Տիգրանին պատվերն անկե չի բաժնվելու, եթե գիտնար թե ի՜նչ զոհի կենթարկեր զիս, անշուշտ այդպիսի բաղձանք չէր հայտներ. բայց ի՜նչպես կրնար ենթադրել թե այդ սիրո գրավական մ՚էր։ Մատանին տվի, մատն անցուց, և համբուրելով ըսավ… «Ինձմե չպիտի բաժանվի մինչև ցմահս. հետո վերստին դու մատդ պիտի անցընես՝ և այսպես կամա թե ակամա միշտ զիս պիտ հիշես»։

Չգիտեմ ինչո՞ւ հանկարծ տխուր ազդեցությամբ համակվեցա. թվեցավ ինձ թե մահը Տիգրանա սիրտը հետը կառնե կը տանի, թե չարագուշակ ամպ մի սիրելվույս դեմքը մթնցուց և անհայտ ըրավ աչքիս առջևեն։ Ճիչ մի պիտի արձակեի բայց ուշաբերեցա, հուզմունքս զսպեցի, Հրանույշ ոչինչ հասկացավ, սակայն Հերիգան ուշադրությամբ կը դիտեր զիս նույն միջոցին։ Ինչ՞ պիտի ըսե Տիգրան եթե իմանա թե պատվերին չի հնազանդեցա, և գիտնա մանավանդ թե յուր մատանին մահվան մատը կը զարդարե, զի նախապաշարումներ ունի նա մահվան նկատմամբ։ Բայց ի՜նչ կրնայի ընել․ արդյոք ներելի՞ էր վերջին բաղձանք մ՚անկատար թողուլ։

Հե՜գ աղջիկ. կարծես հուսահատությունը զինքն ամեն վայրկյան կը կեղերե։ «Ա՜հ, ըսավ, կենացս հորիզոնը միշտ մթնապատ և սպառնալից էր։ Երիտասարդությունս գարուն չուներ. մինչ ծաղիկներ կորոնեի, տեսա հանկարծ փոս մի որ

53