Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարսավիր Վասիլի ուղեղում այն կարծիքն էր նստել, որ Կարո Դարայանը ոչ այլ ինչ է, եթե ոչ —«քամի թռցնող», իսկ թե ինչ է նշանակում «քամի թռցնել»,—հարկավոր էր իրենից իմանալ։ Այնինչ Հաջի Օնիկ Էֆենդի Մանուկոֆը տրամադիր էր հակառակը կարծելու.—ո՛չ թե «քամի թռցնող» է Կարո Դարայանը, ասում էր նա, այլ «քամի ուտող», կամ, բառացի՝ «քամի կուլ տվող», իսկ թե ի՞նչ քամիներ էր ուտում կամ կուլ տալիս Կարո Դարայանը —այդ էլ հարկավոր էր Հաջուց հարցնել։ Եվ եթե հարցնող լիներ —նա՝ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, այդ պատկառելի նաիրցին, շատ պատկերավոր կերպով կբացատրեր, թե ի՞նչ է հասկանում ինքը «քամի» ասելով։ «Ատ քամիները ստամոքսի մեջ կշինվին, Ռուսիո անուշահոտություն կըսեն ատոնց էրզրումցիք...»,—կասեր, քահ-քահ ծիծաղելով, հայտնի անգլիագետը։ Բայց հարցը, իհարկե, հիմնովին փոխվում և միանգամայն «իրական» հողի վրա էր դրվում, երբ վարսավիր Վասիլի և Հաջի Օնիկ էֆենդու շնական ուղեղներից տեղափոխվում էր Գեներալ Ալոշի, Մազութի Համոյի, բժշկի, Օսեփ Նարիմանովի կամ ընկ. Վառոդյանի «գործնական» ուղեղները։ Այս հարցը միանգամայն տարբեր բնույթ էր ստանում վերջիններիս ուղեղներում։ Ամենից առաջ շատ բան ուներ ասելու Արամ Անտոնիչի, դպրոցի տեսչի ուղեղը այն պարզ պատճառով, որ նա՝ Արամ Անտոնիչը, նախ՝ հարազատ «քեռին» էր Կարո Դարայանի, ապա՝ նա, Արամ Անտոնիչը միայն գիտեր, տեղեկություններ ուներ ստացած, թե ինչո՞վ էր զբաղվում իր «եգանը», այսինքն՝ մորեղբորորդին, Մոսկվայում ու Բաքվում։ Այո՝ նախ Արամ Անտոնիչը և ապա Մազութի Համոն։ Գրել էր, ամենից առաջ Արամ Անտոնիչին էր գրել իր անարժան սանիկի «տխմար արարքների» մասին Արամ Անտոնիչի հարազատ եղբայրը —Գարասիմ Անտոնիչը, որ գլխավոր հաշվապահի պաշտոն էր վարում «Լույս» նավթարդյունաբերական ընկերության կենտրոնական վարչության՝ Բաքվի գրասենյակում։ Նա, քամի կուլ տվող այդ հաստագլուխ էշը —երևակայո՞ւմ եք —թյուրք բանվորներին է գրգռելիս եղել նավթարդյունաբերական նաիրյան այդ ընկերության դեմ.—ահա թե ինչով է զբաղվելիս եղել այդ «անբան անասունը» մինչ այդ քաղաքը գալը, սիրելի ընթերցող։ Եվ այն էլ, ի նկատի ունեցեք, մի ընկերության, որի կենտրոնական վարչության նախագահն էր այն մյուս, իսկական «Ընկերության»— Կենտրոնաուղեղասարդի կենտրոնական թելերից մեկը՝ Հայտնի Անունը։ Ահա՛ թե ինչպիսի՜ տխուր տեղեկություններ էր ստացել իր «հոգեժառանգի», իր