անարժան «սանիկի» մասին, դժբախտաբար երկու ամիս միայն առաջ, Արամ Անտոնիչը, այն էլ այնպիսի մի անձնավորությունից, որին չէր կարող, իրավունք չուներ չհավատալ: Ստացել էր այդ շշմեցուցիչ տեղեկություններն իր հոգեզավակի մասին Արամ Անտոնիչը և որոշել էր ոչ ոքի չհայտնել, բայց մեծ եղավ նրա զարմանքը, երբ, այդ տխուր նամակն ստանալուց երկու օր հետո, երևաց նրա գրասենյակում Մազութի Համոն և, մի-երկու սովորական հարցուփորձից հետո,—«Բավականին հետաքրքիր նորություններ ենք լսում «եգան»-իդ մասին, Արամ Անտոնիչ»—գցեց, իր շեղ, հեգնական հայացքի նման, ամոթահար ակնարկը Արամ Անտոնիչի դեմքին Մազութի Համոն։ Արամ Անտոնիչի դեմքը, գաջած պատի նման, սպիտակեց։ Եվ գրեց, այդ նույն երեկո, Մազութի Համոյի հեռանալուց հետո գրեց իր վերջին նամակը, առանց ստորագրության, Արամ Անտոնիչը, նախատեց, անարգանքի սյանը գամեց իր այդ վերջին նամակում Կարո Դարայանին Արամ Անտոնիչը։ Եվ պատվիրեց, խստիվ պատվիրեց այդ վերջին նամակում, որ չլինի՛ թե երբևիցե հիշե իր քեռուն այդ փուչ դավաճանը. չլինի թե երբևիցե իր աչքին երևա։ Եվ ահա —արդեն լռել էր, արդեն, մոռացած, էլ չէր խոսում անհաճո այդ նյութի մասին Արամ Անտոնիչին հանդիպելիս Համո Համբարձումովիչը, երբ, ինչպես գիտեք, անամոթաբար բուսնեց, երևաց հանկարծ իր հայրենի քաղաքում Կարո Դարայանը... բայց այս մասին մենք, բավականին մանրամասն, արդեն պատմել ենք վերևում, պ. Մարուքեի հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն անպատվաբեր դեպքը նկարագրելիս։ Բայց հիմա, երբ տենդոտ գործունեություն էր սկսել, հանձինս Մազութի Համոյի և ընկ. Վառոդյանի, Տեղական Կոմիտեն —ի՞նչ, ի՞նչ մխիթարանք կարող էին պատճառել այդ թշվառ սանիկի, մեղմ ասած՝ տղայական արարքները Արամ Անտոնիչին՝ նրա քեռուն, «հոգեհորը»։ Նա՝ Կարո Դարայանը, հասկանո՞ւմ եք՝ համարձակվում էր ինչ-որ փայտիկներ խրել «Ընկերության» անիվը,— այդ ողորմելի ճիճուն, այդ «Կարո Փարայանը»։ Դարայանի անվան սկզբնատառը այդպիսի մի երկմիտ կերպարանափոխության ենթարկողը նույն անձնավորությունն էր էլի, նույն ընկ. Վառոդյանը, որ առանձին մի շնորհք, մի փոքրիկ թուլություն ուներ դեպի նման, այո, «երկմիտ» հանաքները. նա չէ՞ր, նա չէ՞ր միթե, որ «Գ»-ի էր վերածել պ. Մարուքեի պատմական ազգանվան սկզբնատառը՝ «Գրաստամատի» փոխելով արքայական «Դրաստամատը». նա՛, նա՛ էր էլի, ինչպես առիթ ունեցանք
Էջ:Երկիր Նաիրի.djvu/102
Արտաքին տեսք