Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերևում հիշելու—գավառացի չնչին վարժապետից արդեն «անձնավորություն» դարձած այդ ընկ. Վառոդյանը...

Երեկոյան դեռևս ութ կեսին լիքն էր, ծայրեիծայր լիքն էր արդեն ամառային ակումբի դահլիճն այդ երեկո։

Առաջին շարքի նստարանները բռնված էին արդեն քաղաքի վերին, այո՝ ամենավերին խավերով։ Այդպիսի հասարակություն շատ սակավ էր հավաքվում, տարենը մի-երկու անգամ հազիվ էր հավաքվում քաղաքի ակումբներում։ Բայց, ասենք, քաղաքի ակումբներում (նաիրյան այդ քաղաքը բացի ամառային ակումբից ուներ և ձմեռայինը)—երբեք էլ չէր հավաքվում նման հասարակություն. նման հասարակություն, լինում էր, որ տարին մի անգամ, այն էլ Մազութի Համոյի բնակարանում, հավաքվում էր, այո, նրա անզուգական դստեր՝ Սևաչյա Պրիմադոննայի ծննդյան օրը, երբ ներկա էր լինում ինքը՝ գավառապետը, համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», ընտրովի հասարակությունը։ Այդ օրերին, իհարկե, տեղ չունեին նրա, Մազութի Համոյի, ընտանեկան սեղանի շուրջը Կինտաուրի Սիմոնը վարսավիր Վասիլը, որոնք ներկա էին հիմա ակումբի դահլիճում. ընկ. Վառոդյանն անգամ չէր համարձակվի գլուխը ներս խոթելու Համո Համբարձումովիչի բնակարանն այդ բացառիկ օրերին, թեկուզ հետագայում, նկարագրածս դեպքերից հետո, ընկ. Վառոդյանը ևս սկսել էր տեղ ունենալ Մազութի Համոյի սեղանի շուրջն այդ բացառիկ օրերին նույնիսկ, երևակայո՞ւմ եք՝ ասում են, բժիշկ Սերգե Կասպարիչից, երևի, օրինակ վերցնելով, սովորել էր համբուրել Սևաչյա Պրիմադոննայի ձեռքը վերջինիս շնորհավորելիս.—չափից, այո, չափից արդեն անցնել էր սկսել այդ «սատկած վարժապետը» վերջին ժամանակներում...

Երեկոյան, ինչպես ասացինք, ինը չկար, երբ արդեն նստած էին, առաջին շարքում նստած էին արդեն —Գեներալ Ալոշը, քաղաքի պարետը՝ բարձրահասակ մի սպա, որ վերջին ժամանակներս մի առանձին ուշադրության էր սկսել արժանանալ Համո Համբարձունովիչի դստեր —Սևաչյա Պրիմադոննայի կողմից,—բժիշկը, Արամ Անտոնիչը՝ իրա կնոջ —Շիկահեր դդումի կողքին, Օսեփ Նարիմանովը, Հինգհարկանի Շենքի համարյա թե բոլոր աչքի ընկնող պաշտոնյաները —ո՞րը թվեմ։ Սպասում էին Գավառապետին և կնոջը, որոնց բերելու համար, անձամբ Սևաչյա Պրիմադոննայի ուղեկցությամբ,