գնացել էր ինքը Մազութի Համոն։ Այդտեղ էր նաև Անգինա Բարսեղովնան, Համո Համբարձումովիչի հարգելի ամուսինը, որին զբաղեցնում էր, Մազութի Համոյի բացակայության պատճառով, պարետը՝ բարձրահասակ սպան. անտարբեր չէր, այո, ասում էին չար լեզուները, վերջին ժամանակներում դեպի այդ բարձրահասակ երիտասարդը Անգինա Բարսեղովնան, որը, իր հերթին, հատուկ ուշադրության էր սկսել արժանանալ, չնայած իր պատկառելի տարիքին, սպայի կողմից։ «Ձվածեղի սիրուն՝ թավի պոչը կլիզե»— ահա վարսավիր Վասիլի չարամիտ կարծիքն այդ նուրբ հանգամանքի մասին. չա՛ր, չա՛ր, օձի լեզու ուներ այդ «ուշաղբազ պերպերը»—ինչպես բնորոշում էր նրան՝ վարսավիր Վասիլին, Ղահվեճի Սեթոն։
Ո՞վ, ո՞վ, ասես, որ չէր եկել Գեներալ— պրոֆեսորին լսելու ցանկությամբ այդ երեկո. նույնիսկ Բարսեղ Աբգարիչը՝ թվաբանության ուսուցիչը, որ թոքերի պատճառով, բավականին «ծույլ» էր հասարակության մեջ երևալու խնդրում —նա՛ ևս, նրա կինը՝ «Ճուտը», կնոջ ընկերուհին՝ Վառյա հոգյակը —բոլորը կային, բոլորն էլ, անխտիր, վերին խավից։ Նրանց մեջ էին, խառնված նրանց՝ նստել էին դահլիճի միջին կարգերում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը. պ. Աբոմարշը, տեր Հուսիկ քահանան —Խաչագողը,—և նույնիսկ, թեկուզ արդեն մուտքին բավականին մոտիկ, բայց և այնպես այս բարձր հասարակությունից ոչ այնքան էլ հեռու — բազմել էին... ծխականի վարժապետ-վարժուհիները. — Բյուզանդ Վարդերեսյանը՝ հայերենի դասատուն, որ աշակերտել էր Մանուկ Աբեղյանին և պարծենում էր դրանով, — օր. Վարդուհի Զատիկյանը, որ չէր կարող «տանել» օր. Նվարդին, — նո՛ւյն այդ օր. Նվարդ Լուսպարոնյանը՝ «մազը կտրածը» — պ. Աշոտի կողքին, այն ճեմարանավարտ պ. Աշոտի, որ արդեն սկսել էր դեպքերի բերումից ավելի ևս ոգևորվելով, «Նաիրյան լեզվի պրոպագանդը ռուսախոս երիտասարդների շրջանում» և արդեն իսկ ուներ, մանավանդ վերջերս, բավականին հաջողություն։ Սրանց հետ խառն և սրանցից հետո—դահլիճը ծայրեիծայր լցրած տեղավորվել էին արդեն այլևայլ հասարակ քաղաքացիներ, ինչպես մանր խանութպաններից շատերը՝ Կարապետյանը, Հովհաննիսյանը, Պողոսյանը, Պողոսյան երկրորդը, Կարապետյան երրորդը, — ուսանողներ, աշակերտներ, ճեմարանցիներ (վերջիններս ուսանողների և աշակերտների մեջտեղ գտնվող մի ուրույն կատեգորիա էին կազմում նաիրյան այդ քաղաքում, — ինչպես, երևի,