Էջ:Երկիր Նաիրի.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասկացել էին արդեն—անծանոթ անձնավորության հետևից «Մութ Տեղն» էին գնում Կարո Դարայանը և պ. Մարուքեն...

Ընկ. Վառոդյանը գտնվում էր այդ պահուն Համո Համբարձումովիչի բնակարանում։ Նրա վրա պարտականություն էր դրված պատրաստություն տեսնել «բանկետի» համար. դասախոսությունից հետո ընթրիքի պիտի հրավիրվեր Գեներալ —պրոֆեսորը Մազութի Համոյի բնակարանում։ Եվ ահա, իր պարտականությունները լիովին իմացող հեղափոխականի նման —տենդոտ, պատրաստություններ էր տեսնում, միանգամայն գիտակցելով գործի մեծագույն նշանակությունը նաիրյան ցեղի ապագայի համար՝ Մազութի Համոյի պալատ-բնակարանում ընկ. Վառոդյանը։

Հենց այդ ապագայի մասին, նաիրյան ցեղի պայծառ ապագայի մասին էր խոսում այդ նույն վայրկյանին ակումբի դահլիճում Գեներալ — պրոֆեսորը։ Թափվում էին, այո, հեղեղանման հոսում էին վարդագույն խոստումները դեպի երջանկացած սրտերը հանդիսականների.— Գեներալ — պրոֆեսորի սոխանման գանգից, ուղեղից ելնելով՝ բացվում էր, պայծառ ու լուսավոր, նաիրյան ապագան։ Եվ այդ պայծառ ապագայի հոսող ջերմությունից հալչում էր սիրտը Անգինա Բարսեղովնայի.—նաիրյան պայծառ ապագան, էլեկտրական բորբ հոսանքի նման լցվելով սիրտը Անգինա Բարսեղովնայի, անցնում էր այնտեղից դեպի մահուդե թևը քաղաքի պարետի։ Ու նույն այդ լուսավոր, նույն այդ նաիրյան պայծառ ապագայի փայլից բոցկլտուն, նայում էին, հրացայտ, նայում էին, այո, գալիք օրերի հույսերով շողշողուն —նախագահական աթոռի բարձունքից նայում էին Անգինա Բարսեղովնայի և բարձրահասակ սպայի մեղմ հպված թևերին մեծախոհ աչքերը Մազութի Համոյի։

Վաղո՜ւց, վաղո՜ւց արդեն առավոտյան սովորական ժամերին, ինչպես այդ անում էր նա առաջ —վարսավիր Վասիլի վարսավիրանոցը ոտք չէր դնում այլևս պ. Մարուքեն. դպրոց մտնելուց զրկվելով՝ զրկվել էր նաև վարսավիրանոց մտնելու սովորությունից պ. Դրաստամատյանը։ Կարո Դարայանի Մոսկվայից բերած բավականին «բութ» ածելին քերում էր արդեն պ. Մարուքեի այտերն ու կզակը և հարկավոր է ասել, որ պ. Մարուքեն վաղուց արդեն չէր վայելում այն խոնարհ հարգանքը, որպիսին տածում էր վարսավիր Վասիլը դեպի նա առաջ։ Այնպես որ, թող ամենևին զարմանալի