չթվա, որ այդ առավոտ, երբ, մոտավորապես ժամը 11-ին, դուրս եկան Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն «Դառնության կենտրոնից» եւ, տուն վերադառնալով, անցնում էին արդեն վարսավիրանոցի մոտից —«Անուշնե՛ր»,— հեգնախառն ասաց վարսավիր Վասիլը պ. Մարուքեին — եւ դա ծա՛ղր էր, ծա՛ղր էր, չարախինդ ակնարկ էր պ. Մարուքեի հասցեին։ Եվ պ. Մարուքեն, իհարկե, հասկացավ վարսավիր Վասիլի այդ հեգնանքը. պ. Մարուքեն հասկացավ, բայց լռեց։
Դառնության, այո՛, դառնության ու անակնկալի մի առավոտ էր այդ առավոտը պ. Մարուքեի և, մասամբ էլ, իհարկե, Կարո Դարայանի համար։ Դեռ չէին անցել նրանք վարսավիր Վասիլի վարսավիրանոցից, երբ դեմից բուսնեց, ուրիշ մի աշխարքից անսպասելի ընկած հրաշքի նման դեմ ելավ նրանց... երևակայո՞ւմ եք՝ Մարանկոզ Նշանը, ա՛յն Նշան Մարանկոզյանը, որ «որսորդական ապրանքների» խանութ ուներ առաջ Ալեքսանդրյան փողոցում, բայց, մի գեղեցիկ օր, փակեց իր խանութը և «Պուլկարիա» գնաց «զանազան գործերով»։ Ընթերցողը, անշուշտ, հիշում է սույն այս վեպիս առաջին մասից, թե, իրոք, ինչո՞ւ փակեց խանութը Մարանկոզ Նշանը. խայտառակ փախուստ էր դա իրոք ուրիշ ոչինչ, խայտառակ փախուստ էր ու չեզոքացում, որ հետևանք էր, ինչպես գիտենք, Մազութի Համոյի հզոր ազդեցության, որից նա՝ այդ խղճուկ վանեցին, ձգտում էր խլել «նաիրյան գործերի ղեկավարության» առաջնությունը։ Եվ նա հիմա, իր այդ խայտառակ անկման ու փախուստից հետո, վերադարձել էր ահա նաիրյան այդ քաղաքը և այն էլ — զինված ու փափախավոր... Հետն էլ երեքը-չորսը՝ երեքը, չորսն էլ իրա, Մարանկոզ Նշանի նման, զինված ու փափախավոր։
«Ծանոթացե՛ք, — ասաց Նշան Մարանկոզյանը պ. Մարուքեին մի լավ համբուրելուց հետո.—Պուլկարահայ ուսանող, այժմ կամավոր— Հրանտ Կյուլպենկյան, նույնը՝ Օնիկ Ուզունպաճաղյան.— ասիկա մեր «Պուլկարացին է»— ցույց տվեց, խորհրդավոր ժպիտը դեմքին, երրորդ փափախավորին Նշան Մարանկոզյանը և ապա —«աս ալ մեր ընկ. Թափառականը»,— վերջացրեց այնպիսի մի շեշտով Մարանկոզ Նշանը, որ նույնիսկ Կարո Դարայանը, որ չէր ճանաչում ոչ միայն դրանց, այլ և իրան՝ Մարանկոզ Նշանին —աչքերը հառեց ընկ. Թափառականի դեմքին։ Այդ դեմքը, ի դեպս, շատ քիչ էր նման թափառականի դեմքի. սափրված, կոկ, ավելի շուտ սալոնային լակեյի դեմք էր դա, քան հեղափոխական թափառականի։ Թող չվիրավորվի ընկ. Թափառականի պայծառ հիշատակը իմ այս վերջին