Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համեմատությունից. քանի որ դրանով ես ոչ թե նրա ներքինը, այլ արտաքինը միայն նկարել կամեցա. ներելի են նման միջոցները գրչի մշակներին, որոնք ոչ ներկ ունեն ոչ էլ ածուխ իրենց տրամադրության ներքո, այլ միայն բառեր, որոնց տասնյակները չեն կարող, իհարկե, ընթերցողի աչքին ասել այն, ինչ որ վրձինի մի շարժումը կասեր, ածուխի մի գիծը։ Երջանիկ են, բյուր անգամ երջանիկ են այս տեսակետից քանդակագործները, նկարիչները կամ նույնիսկ հասարակ լուսանկարիչները, սիրելի ընթերցո՛ղ, որովհետև շատ հաճախ պատահում են դեմքեր, որոնք բաց են ինչպես գիրքը՝ նայի՛ր ու կարդա՛, ինչպես գիրքը, այո՝ վերցրո՛ւ ու կարդա՛։ Այդ դեմքերից էր ահա ընկ. Թափառականինը. ընկ. Թափառականի դեմքը հարկավոր էր տեսնել։ Վայել էր այդ դեմքին եվրոպական ծղոտե գլխարկը, նուրբ «պանաման» սպիտակ ու լայնեզր, բայց ծածկել էր այդ դեմքը —ահռելի մի փափախ, իսկ կողքից կախել էր ընկ. Թափառականը պատկառելի մի զենք, որը հետագայում խորհրդանիշը դարձավ ամբողջ մի «պետական կազմակերպության»։ Չէր, հազար ու բյուր անգամ չէր սազում այդ զենքը ընկ. Թափառականին, բայց ընկ. Թափառականը, ինչպես նա ցույց տվեց այդ հետագայում, արժանի էր, այո՛, այդ զենքը կրելուն։

Ծանոթացավ, իր հերթին պ. Մարուքեի կողմից ներկայացվելով նրանց, Մարանկոզ Նշանին ու խմբին, և՛ Կարո Դարայանը. հետո նրանք բաժանվեցին: «Ովքե՞ր են դրանք»,—հարցրեց Կարո Դարայանը, երբ մտնում էին արդեն պ. Մարուքեի բնակարանը: — «Նացիոնալ — դեմոկրատներ», — պատասխանեց պ. Մարուքեն տեղյակ անձնավորության անփութությամբ հետո պատկերավոր ոճով պ. Մարուքեն բացատրեց, որ դրանք նաիրյան հասարակական կյանքի դաշնամուրի վրա, «Ընկերության» դաշնակներին հարկադրելով, նվագում են իրենց հնչակները: Հետո նրանք մտան պ. Մարուքեի սենյակը:

Սենյակում սպասում էր նրանց, վեպիս առաջին մասից մեզ արդեն հայտնի՝ երկրորդ ծխականի վարժուհի օր. Սաթոն: Դա այն «պսակի չարժանացած» օր. Սաթոն էր, որ, մեզ արդեն հայտնի պատճառով, հնարավորություն չէր ունեցել վերջացնելու գիմնազը, ինչպես արդեն գիտենք, այս տխուր հանգամանքում մեղավոր էին նրանք —Օսեփ Նարիմանովը և Գեներալ Ալոշը: Բայց արդեն անցած, մոռացված պատմություն էր այդ. այժմ «պսակի չարժանացած» օր. Սաթոն փաստապես արժանացել էր, թեկուզ ո՛չ պաշտոնական,