Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զույգ կաշվե ձեռնոցներ, իսկ դա ավելի շատ արժեր, քան Հաջու մի պարկ շաքարը, կամ եղբ. Բալասյանենց սապոնը։ Բայց, շատ որոշ նախադասություններով հայտնում էր հետագայում պ. Աբոմարշը, որ այդ նվերը նա արել է ոչ այնքան կամավորներին, որոնց, վերջ ի վերջո, «հերն էլ անիծած»,—այլ... Սևաչյա Պրիմադոննային։ «Ծիծիկները ուտեմ»,— ասել էր նրան այդ զրույցի ժամանակ վարսավիր Վասիլը.—«Իմ մաստերսկոս գար՝ էշից բերած էղնիմ, թե պատի հայլիս չտայի»։ Ահա՛ թե ինչպիսի ահռելի, ինչպիսի հերոսական ոգևորություն էր առաջ բերել նաիրյան այդ քաղաքում այդ «ժողովրդական ժողովարարությունը»։ Ու տվել էին՝ որը փող, որն ապրանք, Կոլոպոտյանը բաժակներ էր տվել, Բոչկա Նիկալայը —գինի,—մի խոսքով՝ ով ինչ որ ուներ —չէր խնայել։ Ժողովարարությանը մասնակցել էր նաև տեր Հուսիկ քահանան, բայց նա շրջել էր, իր լուսարարի ուղեկցությամբ, արհեստավորների խանութները, քաղաքի ծայրամասերը —մարդիկ հետագայում ինչ-որ առնչություն էին գտնում տեր Հուսիկ քահանայի փայլուն կոշիկների և այդ օրվա «ժողովարարության» մեջ. բայց սա բամբասանք էր կարծեմ, սիրելի ընթերցող, որ առաջ էր եկել վարսավիր Վասիլի կողմից նրա անվանը կպցրած հայտնի ածականից — և չարժե այսպիսի չնչին ասեկոսեներով կասկածանքի ստվեր գցել տեր Հուսիկի նման ազգասեր քահանայի անբասիր քղամիդին։

...Առավոտյան ժամը տասնմեկը կլիներ, երբ այնքան երազած կամավորական խումբը, առույգ ու առնական շարքերով, վերջապես մտավ քաղաք։ Բայց նախքան նրա քաղաք մտնելը՝ դիմավորելու էին գնացել կայարան, Մազութի Համոյի և ընկ. Վառոդյանի գլխավորությամբ, ոգևորված նաիրցիները։ Ո՞վ ասես, որ չէր գնացել կայարան՝ հերոսներին դիմավորելու. այնտեղ էին, գեներալ Ալոշից սկսած —մինչև Մեռելի Ենոքը։ Մեռելի Ենոքը, ասենք, ինչպես և Քոռ Արութը, ուզած-չուզած այնտեղ էին ու այնտեղ, այնինչ Կինտաուրի Սիմոնը, պ. Աբոմարշը, Հաջին, վարսավիր Վասիլը և մի շարք ուրիշներ «գործը կիսատ թողել»— հատկապես գնացել էին «դիմավորելու» նպատակով։ Ես էլ չեմ խոսում արհեստավորների բոլոր «գրվածների» մասին, որոնք եկել էին «խումբը» տեսնելու։ Ամենաանսիրտը Լորիս-Մելիքյանն էր.—նա, այդ չարչիների փողոցը, համարյա թե ներկայացուցիչներ չուներ այդ օրը կայարանում. երևի չարչիներն ավելորդ էին համարել «գործից էղնելը», որովհետև