միևնույնն է, խումբը ուզած-չուզած իրենց փողոցով պիտի անցներ, այնպես որ նրանք հնարավորություն ունեին հենց իրենց խանութների առաջից դիմավորելու նրանց, այդ աննման հերոսներին։ Այնինչ, դրա փոխարեն կայարանում էր քաղաքի համարյա «ամբողջ ինտելիգենցիան» — ուսուցիչները, նաիրցի սպաները, ուսանողները, պաշտոնյաներից շատերը։ Ներկա էին նաև մեծ թվով աշակերտներ, որ այդ օրը զոհել էին դասը (պարապմունքները, թեկուզ փոքր ուշացած, բայց արդեն սկսվել էին դպրոցներում)—հայրենիքի գործին, բայց վերջիններիս շարքերում կային և այնպիսիները, որոնք մտածում էին արդեն ո՛չ միայն «դասը», այլ իրենց կյանքը զոհաբերել այդ սրբագույն նպատակին։
Գնացքը մոտենալուց դեռ հինգ րոպե առաջ, արդեն կանգնած էին պլատֆորմի վրա՝ Համո Համբարձումովիչը, ընկ. Վառոդյանը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Գեներալ Ալոշը և Կինտաուրի Սիմոնը. սա այն կազմակերպված խումբն էր, որ պաշտոնապես պիտի դիմավորեր կամավորական խմբին։ Այդտեղ հենց, դրանց կողքին, արդեն պատրաստ կանգնած էր զինվորական երաժշտախումբը, որին արդեն պատվիրել էր ընկ. Վառոդյանը՝ գնացքը մոտենալու վայրկյանին նվագել նաիրյան հիմնը՝ «Մեր Հայրենիքը»։ Ամեն ինչ, մի խոսքով, մտածված էր պատրաստած, որպեսզի որքան հնարավոր է սրտագին դիմավորեն խմբին — և ահա, վերոհիշյալ պատկառելի անձնավորությանց հետևը կենդանի մի պարիսպ կազմած՝ աչքերը երկաթգծի հեռուն՝ սրտատրոփ սպասում էին անհամբեր նաիրցիները գնացքի մոտենալուն։ «Ուշացավ»,— արդեն անհանգստանալով՝ ասաց Գեներալ Ալոշը Մազութի Համոյին այնպիսի մի տոնով, որ կարծես վերջինս լիներ ուշանալու պատճառը։ Բայց հենց այդ վայրկյանին լսվեց շոգեկառքի ավետաբեր սուլոցը — բոլորը հանկարծ շարժվեցին տեղերում, հրհրեցին իրար՝ հանգստանալու փոխարեն ավելի ևս անհանգստացան։ Զինվորական երաժշտախումբը, ընկ. Վառոդյանի նշանով, հնչեցրեց նաիրյան հիմնը. գնացքը դանդաղ մոտեցավ կայարանին։
Դժվար է, սիրելի ընթերցող, իմ անզոր գրչով նկարագրել այն աներևակայելի ոգևորությունը, որով համակվեցին նաիրցիները պատմական այդ նշանավոր, այդ անկրկնելի վայրկյանին։ Հազիվ էր երևացել առաջին փափախավոր գլուխը, երբ ամբողջ կայարանը թնդաց բացականչությունից. ամբողջ կայարանը կարծես հօդս ցնդեց։ Իսկ երբ կանգնեց գնացքը և դուրս եկավ վագոնից խմբի ղեկավարը