Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ո՛չ։ Եվ այստեղ է ահա հարցի ամբողջ գաղտնիքը, սիրելի ընթերցող։ Ձեր այդպես հասցեագրած նամակը կգա և կընկնի ուղիղ Եվ այստեղ է ահա հարցի ամբողջ գաղտնիքը, սիրելի ընթերցող։ Ձեր այդպես հասցեագրած նամակը կգա և կընկնի ուղիղ— ի՞նչ եք կարծում՝ Կա՞րս, Երևա՞ն, Դիարբեքի՞ր, Շապին-Գարահիսա՞ր... Իհարկե, ոչ։

Այդ նամակը կգա ու կընկնի ուղիղ մեր ամենածանոթ Համո Համբարձումովիչ Ասատուրովի— Մազութի Համոյի... ուղեղը... Ահա՛ և ամբողջը։ Եվ ահա՛ թե ինչու, վեպի շարունակությանն անցնելով, մենք պետք է դիմենք հնում մանավանդ շատ ընդունված գրական մի պրիոմի, որից այնքան խուսափում են արդի հեղինակները։ Ռենտգենյան ճառագայթի նման մենք պիտի ձգտենք թափանցել սույն այս վեպի կենտրոնական անձնավորությանց ուղեղները,— առաջին հերթին, իհարկե, Համո Համբարձումովիչ Ասատուրովի— Մազութի Համոյի ուղեղը։ Այո՛։— Ամենից առաջ Մազութի Համոյի, որովհետև նա էր (ուղեղը և ոչ թե Մազութի Համոն), որ, տարիներ շարունակ բոլոր համանման ուղեղների կատարյալ կատարելատիպը լինելով՝ որպես առասպելական այն ցուլը, կրում էր իր ուղեղե եղջյուրների վրա... երկիրը Նաիրի։ Նրան, այո՛— Համո Համբարձումովիչ Ասատուրովի— Մազութի Համոյի ուղեղին մենք պիտի դիմենք, եթե ուզում ենք իսկական աղբյուրից հանել մեր այնքան ցանկացյալ ջուրը,— եթե ուզում ենք իսկական ակունքից խմել կենարար հեղուկը մեր հավաքական, կամ իրա՝ Մազութի Համոյի տերմինոլոգիայով ասած՝ «ազգային գոյության»։

Այդ հանճարեղագույն ուղեղն ուներ հանճարեղագույն հատկություններ։— Ամենից առաջ՝ մի՞թե հանճարեղագույն հատկություն չպիտի համարել այն զարմանալի հանգամանքը, որ նա, այդ ուղեղը, Մազութի Համոյի այդ տարօրինակ ուղեղը տարիներ, դարեր շարունակ, հնամենի հնուց, կրում էր իր վերոհիշյալ եղջյուրների վրա մի ամբողջ երկիր, և այն էլ այնպիսի մի տիեզերական երկիր, ինչպիսին էր երկիրը Նաիրի։ Հասկանո՞ւմ եք՝ նրա, այդ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչի այդ գերերկրային ուղեղում, ինչպես մեր եղկ երկրագնդի որևէ հատվածի վրա, տեղավորված կային— գյուղեր ու քաղաքներ. ապրում էին մարդիկ այդ գյուղերում ու քաղաքներում. ապրում էին— ամենից առաջ հենց ինքը՝ Մազութի Համոն, ապա Գեներալ Ալոշը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Անգինա Բարսեղովնան և հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. ազատ, քայլում էին ուղեղային քաղաքներում, գնում էին գործի և